Ադրբեջանի և Աֆղանստանի դիրքորոշումները շատ հարցերում են համընկնում, և Աֆղանստանի կառավարությունը միշտ աջակցում է Բաքվին միջազգային կազմակերպություններում՝ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Աֆղանստանի արտգործնախարար Զարար Ահմադ Օսմանի հետ համատեղ ճեպազրույցում: Այս մասին տեղեկացնում է Gruziya Online-ը:
«Երկու երկրների քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա»,- ասել է նախարարը: Մամեդյարովի խոսքով՝ աֆղանական կողմը հետաքրքրված է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կիրառությամբ ու նախագծի մասնակցությամբ:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի տարածքում Աֆղանստանից ՆԱՏՕ-ի բեռների տարանցումը նույնպես եղել է հանդիպման բանակցությունների թեմաներից մեկը:
Մամեդյարովը նշել է, որ աֆղանական կողմը հանդես է եկել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությամբ:
Աֆղանստանի արտգործնախարարն իր հերթին հույս է հայտնել, որ Բաքվում կայացած բանակցությունները մոտ ապագայում իրենց ներդրումը կունենան բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման գործում:









































