Բելառուսի Գրոդնո քաղաքում հինգշաբթի օրը շարունակվել են «լուռ ակցիաների» մասնակիցների դեմ դատավարությունները: Դրանցից մեկի ժամանակ զավեշտալի դեպք է տեղի ունեցել. մեկ ձեռք ունեցող հաշմանդամին տուգանել են 200 դոլարով այն բանի համար, որ ծափահարել է այդ ակցիայի ժամանակ: Այս մասին հաղորդում է Gazeta.ru կայքը:
Նշվում է, որ բերման ենթարկվածներից մեծ մասը կալանքի տակ կմնա 10-15 օր: Իսկ հաշմանդամի դեմ կայացված դատավճիռն ընդհանրապես զարմացրել է բոլորին: Վկաներից մեկն անընդհատ հայտարարում էր, որ տեսել է, թե ինչպես է հաշմանդամը ծափահարել, որից հետո մեղադրյալի հայրը չի դիմացել և ասել է, թե ինչպես կարող էր նման բան լինել, եթե իր որդին հաշմանդամ է:








































