Բելառուսի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջանորդ Սերգեյ Գայդուկևիչը, որը մինչև հիմա չի համագործակցել երկրի ընդդիմության հետ, իսկ նախագահական ընտրությունների ժամանակ մի քանի անգամ «մրցել է» Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, անսպասելիորեն պահանջել է իշխանություններից դադարեցնել «լուռ ակցիաների» մասնակիցների ձերբակալությունները, այլապես սպառնացել է իր կուսակցությանը հանել փողոց: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
«Մեր կուսակցության համբերությունը սպառվում է: Խելագարություն է շարունակել ձերբակալել մարդկանց միայն այն բանի համար, որ նրանք ծափ են տալիս: Թո՛ղ իշխանությունները լսեն ինձ. սա պետք է դադարեցնել»,- ասել է Գայդուկևիչը: Նա խոստովանել է, որ չի մասնակցում այդ ակցիաներին, սակայն իր կուսակցության անդամները մասնակցում են:
Գայդուկևիչը հավելել է, որ ընդդիմությանը միանալու իր որոշումը շատ խորհրդանշական կլինի, և որ իր համբերությունը չի հերիքում։ «Գրողը տանի, ես դուրս եմ գալու (փողոց.- 1in.am)»,- ասել է Գայդուկևիչը:






































