Մարտի 9-14-ը հայ-հորդանանյան երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի քննարկման նպատակով ՀՀԹ-ում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանն այցելել է Ամման: ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպումներ է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության խորհրդարանի նախագահ Ատեֆ ատ-Տարաունեի, վարչապետ Աբդալլահ Նսուրի, թագավորական դիվանապետ Ֆաեյզ ատ-Տարաունեի, արտաքին գործերի նախարար Նասեր Ջուդեի, բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Ամին Աբդալլահ Մահմուդի, մշակույթի նախարար Լանա Մամքեղի, ինչպես նաև ԱԳՆ ԱՄՆ և Եվրոպայի երկրների ու իրավապայմանագրային վարչությունների պետերի հետ:
Հանդիպումների ընթացքում հորդանանյան կողմի հետ քննարկվել են քաղաքական, առևտրա-տնտեսական, մշակութային, կրթական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ այդ թվում` սիրիական ճգնաժամի հետ կապված հարցեր: Տնտեսական փոխգործակցության ակտիվացման նպատակով ընդգծվել է ուղիղ օդային հաղորդակցություն հաստատելու, գործարար համաժողովներ կազմակերպելու, միմյանց տարածքներում ցուցահանդեսներին մասնակցելու կարևորությունը:
Ձեռք են բերվել պայմանավորվածություններ քաղաքական երկխոսության ակտիվացման, բարձրաստիճան փոխայցելությունների իրականացման, միջկառավարական համատեղ հանձնաժողովի ձևավորման, արտաքին գործերի գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլի անցկացման, մշակութային կապերի ակտիվացման ուղղությամբ:
ՀՀ դեսպանն այցելել է նաև Հորդանանի Հայոց առաջնորդարան` Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող մի շարք խնդիրներ, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հանձնաժողովի գործունեությունը քննարկելու նպատակով:












































