Ռուսաստանը կողմ է արտահայտվել ազգերի ինքնորոշման սկզբունքին և այդ սկզբունքից չի կարող խուսափել ԼՂ հակամարտության կարգավորման ժամանակ: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ Ռուսաստանը ոչ մի դեպքում չի ցանկանա այս պահին վատացնել Ադրբեջանի հետ հարաբերությունները:
«Չեմ կարծում, որ հակամարտության կարգավորման խնդրում առանձնակի առաջընթաց գրանցվի: Այդպիսի նախադրյալներ ուղղակի չկան»,- ասաց նա:
Լրագրողներից մեկի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի ՌԴ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությունը, թե ղարաբաղյան խնդիրը լուծելու համար այն պետք է միացվի Ռուսաստանին, քաղաքագետը նկատեց, որ ոչ այդ, ոչ էլ մյուս բարձրագոչ հայտարարություններին չպետք է լուրջ վերաբերվել: «Սա ավելի շուտ երգիծանք է և մեր ծիծաղը պետք է շարժի»,- ասաց Արամ Մանուկյանը:
Անդրադառնալով ուկրաինական խնդրին և Ղրիմի հանրաքվեի թեմային՝ քաղաքագետը նշեց, որ Արևմուտքը, բնականաբար, չի ընդունի Ղրիմի հանրաքվեի արդյունքները: Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները, ճիշտ է, լարված են, սակայն առժամանակ հետո այդ լարվածությունը կթուլանա:
«Երեկվա հանրաքվեով սկիզբ դրվեց Ուկրաինայի մասնատմանը, սակայն այդ նախադեպը երկրի հարավ-արևելքում չի կրկնվի, որքան էլ վիճակն այնտեղ լարված է մնում»,- ասաց Մանուկյանը:
Հիշեցնենք, որ Ղրիմի հանրաքվեով Ռուսաստանին միանալուն կողմ է արտահայտվել ղրիմցիների ավելի քան 96 տոկոսը:









































