Այսօր՝ հունիսի 18-ին, Ազգային ժողովում հրավիրել է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: ՀՀ նախագահը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, որ իրենց խմբակցության քվեարկությունը լինելու է ազատ. «Ես տեսական հարցադրումներ չտվեցի, որովհետև ինձ կասեին՝ հիմա էլ էստեղ ա դասախոսություն կարդում»:
Պատգամավորը հիշեցրեց թեկնածու Վահե Գրիգորյանի պնդումը, թե ՍԴ անդամի ընտրությունը քաղաքական է, և ասաց. «Ինձ թվում է՝ հասկանում եք, թե ինչ վտանգավոր էլեմենտ է սա պարունակում իր մեջ: Դուք ո՞նց եք պատկերացնում, որ անկախ դատական համակարգ ունենալու ձեր նպատակի ֆոնին ՍԴ-ն քաղաքական կոմպոնենտով ձևավորվի, այսինքն՝ մի ձեռքով ասում եք, թե անկախ դատարան եք ուզում, մյուս ձեռքով ասում եք՝ եկեք այդ քաղաքական ազդեցությունը պահպանե՞նք»:
Գևորգ Պետրոսյանը խնդրելով չանձնավորել՝ նշեց. «Դուք չեք կարող չծառայել քաղաքական ուժին, եթե ընտրվում եք քաղաքական խողովակներով: Եթե ձեր բանտային ընկերը Ձեզնից աջակցություն հայցի, ինչպե՞ս եք բանտային օրերի հիշողություններն անտեսելու: Մյուս թեկնածուների թերությունն էն էր, որ նրանք բանտում չե՞ն գտնվել: Մենք չպետք է կարևորենք բանտային անցյալը»:
Խոսելով դատարանների մուտքերն արգելափակելու ոչ սահմանադրականության մասին՝ պատգամավորն ասաց. «Ես աղավաղելու հետ երբեք սեր չեմ ունեցել: Ի՞նչ եղավ, որ դուք Ձեր կարծիքը 180 աստիճանով բեկեցիք»:
Դիմելով ՍԴ դատավորի թեկնածուին՝ Գևորգ Պետրոսյանն ասաց. «Շատ անհաջող սրամտություն արեցիք. ի՞նչ է նշանակում գործող Սահմանադրությունը բռնաբարության արդյունքում ծնված երեխա է: Ես հիմա չեմ ուզում հարցնել՝ բռնաբարողն ով է եղել, բռնաբարվողը՝ ով: Բայց եթե դա այդպես է, ինչո՞ւ եք հանգրվանել այդ բռնաբարված ծնունդի արդյունք հանդիսացող երեխայի ուսերին և ուզում եք այդ ուսերով հանգրվանել ՍԴ-ում: Դուք ասում եք նաև հանրապետության նախագահը լեգիտիմ չէ, բա որ լեգիտիմ չէ, Դուք այստեղ ի՞նչ գործ ունեք, մե՞նք ինչ ենք անում այստեղ: Բարոյական չէ Ձեր կողմից ոչ լեգիտիմ համարված նախագահի կողմից առաջադրվելը և ամեն գնով ՍԴ հաստիքացուցակը ծանրաբեռնելը»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































