Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մորեղբայրը՝ ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի նախկին գնդապետ Թեմուր Ալասանիան մտադիր է դատական հայց ներկայացնել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և վրացի մի քանի այլ քաղաքական գործիչների դեմ` իր մասնագիտական հեղինակությունը վարկաբեկելու համար: Այս մասին հաղորում է Interfax-ը:
Մի քանի օր առաջ Ղարիբաշվիլին լրագրողների հետ զրույցի ժամանակ Ուկրաինայի նոր իշխանություններին հորդորել էր չլսել Սաակաշվիլիի խորհուրդները, ով Կիև էր ժամանել իր մորեղբոր հետ, և հավելել էր, որ «Պետական անվտանգության կոմիտեի նախկին աշխատակից չի լինում»:
«Ես մտադիր եմ Նյու Յորքի դատարան հայց ներկայացնել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի դեմ` իմ բարի անունը վերականգնելու համար: Վերջին երկու տարիներին վրացական որոշ ԶԼՄ-ներում արշավ է ընթանում` ուղղված իմ բարի անունը սևացնելուն: Ինձ մեղադրում են զենքի առևտրի մեջ և նրանում, որ ես եղել եմ «մոխրագույն կարդինալ» Սաակաշվիլիի օրոք:
Հայտարարում եմ, որ նախագահ Սաակաշվիլիին ես երբեք ոչ մի խորհուրդ չեմ տվել: Ինչ վերաբերում է զենք վաճառելուն, ապա վերջին 25 տարիներին ես աշխատում եմ ՄԱԿ-ում` զինաթափման հարցերով զբաղվող բաժնում, և նման հայտարարությունները վնաս են հասցնում ոչ միայն իմ, այլ նաև ՄԱԿ-ի հեղինակությանը»,- ասել է Ալասանիան:
Նա նշել է, որ մի քանի օր առաջ Սաակաշվիլիի հետ իրականում եղել է Կիևում` աջակցելու համար ուկրաինացի ժողովրդին:







































