Ուկրաինայի սահմանադրական դատարանը Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի հանրաքվե անցկացնելու որոշումն անվավեր է ճանաչել: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Իր որոշմամբ դատարանը Ղրիմի նախարարների խորհրդին արգելում է ֆինանսավորել հանրաքվեի նախապատրաստական աշխատանքները, կարգադրում դադարեցնել այդ նախապատրաստությունները` ոչնչացնելով բոլոր քվեաթերթիկները և քարոզող նյութերը: Ուկրաինայի սահմանադրական դատարանը կարծում է, որ Ղրիմի Գերագույն խորհրդի հանրաքվե իրականացնելու որոշումը խախտում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքները, իսկ նմանատիպ ցանկացած հարցեր պետք է որոշվեն բացառապես համաուկրաինական հանրաքվեի արդյունքում:











































