Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսին տարածաշրջանային այցի շրջանակներում կժամանի Հայաստան:
«Առաջին լրատվական»-ին հայտնի են դարձել այցի ժամկետներն ու օրակարգը: Մեր տեղեկություններով, օրակարգային հարցերի թվում են հայ-ֆրանսիական հարաբերությունները՝ քաղաքական և տնտեսական, Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հարցը, շատ հավանական է, որ քննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցը ևս, ինչպես նաև՝ գաղտնի հարցեր, օրինակ՝ Պարսկաստանին վերաբերող, Հայաստան-Եվրոպա, Ղրիմի, Ուկրաինայի իրավիճակի, Մոսկվայի, ընդհանրապես՝ Մաքսային միության հարցը, այսինքն՝ վստահաբար կան հրապարակային և գաղտնի հատվածներ:
Ֆրանսիայի նախագահի՝ տարածաշրջան կատարելիք այցի շրջանակներում մայիսի 11-12-ը նախատեսված է պաշտոնական այց Բաքու, մայիսի 12- 13-ը` պետական այցելություն Երևան, մայիսի 13-ին՝ պաշտոնական այց Թբիլիսի: Ֆրանսուա Օլանդի՝ տարածաշրջան կատարելիք այցի ժամկետները, ըստ ամենայնի, պատահաբար չեն ընտրված. դրանք նախորդելու են Եվրախորհրդարանի՝ մայիսի 25-ին կայանալիք ընտրություններին։ Վստահաբար, Թուրքիայի հարցը պիտի եվրոպական պետությունների առջև դրվի:
Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանն արդեն Փարիզում է եղել՝ նախապատրաստելու Օլանդի այցը Երևան: Նալբանդյանը Ֆրանսիա կատարած իր աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է ֆրանսիացի գործընկեր Լորան Ֆաբիուսին, քննարկել Ֆրանսիայի նախագահի՝ ՀՀ նախագահի հրավերով Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները։










































