Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն ստորագրել է օրինագիծ, որով արգելում է դպրոցականների ծնողներին հրաժարվել երեխաներին պատվաստելուց ոչ բժշկական պատճառներով: Այսպիսով, կրոնական համոզմունքները այլևս չեն համարվի երեխայի պատվաստումից հրաժարվելու պատճառ:
Նման միջոցառումը ձեռնարկվել է վերջին 27 տարիների ընթացքում ԱՄՆ-ում կարմրուկի ամենաընդգրկուն տարածման ֆոնին: «Պատվաստումը անվտանգ, արդյունավետ և մեր երեխաներին պաշտպանելու լավագույն միջոցն է․ չնայած ես հասկանում և հարգում եմ կրոնական ազատությունը, սակայն մեր հիմնական խնդիրն է՝ պաշտպանել հանրային առողջությունը: Սույն օրենքը ստորագրելով՝ մենք կօգնենք կանխել հետագա տարածումը և դադարեցնել բռնկումը », – ասել է Կուոմոն:







































