Շանհայում գիտնականները մշակել են գեների խմբագրման նոր, ավելի ճշգրիտ և անվտանգ գործիք: Հունիսի 13-ին այդ մասին գրում է Shanghai Daily թերթը: Այն թույլ է տալիս նվազեցնել կողմնակի ազդեցությունների և զանազան մուտացիաների ռիսկը:
Ներկայում գեների խմբագրման համար գիտնականները կիրառում են, այսպես կոչված, «գենետիկական մկրատը»: Սակայն այդ գործիքն օգտագործելիս գոյություն ունի ռիբոնուկլեինային թթուն (ՌՆԹ) վնասելու ռիսկ, ինչը մեծացնում է քաղցկեղի առաջացման վտանգը:
Գիտնականների խումբը՝ Չինաստանի Գիտությունների ակադեմիային կից Շանհայի Կենսաբանական գիտությունների ինստիտուտից դոկտոր Յան Հուեյի գլխավորությամբ, առաջարկել է նոր մեթոդ: Այդ գործիքն ստացել է ABE (F148A) անվանումը: Մեթոդիկան թույլ է տալիս գեների խմբագրումն իրականացնել ավելի մեծ ճշգրտությամբ և զգալիորեն նվազեցնում է ՌՆԹ-ն վնասելու ռիսկը:
«Տեսականորեն գեների խմբագրման գործիքները կարող են հիվանդներին օգնել վերականգնելու առողջությունը, սակայն քանի որ գործիքների անվտանգությունը չի կարող երաշխավորված լինել, ապա սոսկ մի քանի «գենետիկական մկրատներ» են անցնում կլինիկական փորձարկումներ»,- մեջբերում է հրատարակչությունը Յան Հուեյի խոսքը: Սույն գործիքը մշակած շանհայցի գիտնականները պնդում են, որ այն կարելի Է օգտագործել այնպիսի հազվագյուտ ծանր հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են տալասեմիան, դեղին բծի դեգեներացիան և ժառանգական խլությունը: