Երեկ «Ժողովուրդ»-ը անդրադարձել էր Լոռու մարզի Ջրաշեն համայնքում մարտի 9-ին տեղի ունեցած դեպքին, երբ 39-ամյա Անուշն իբր ցանկացել էր խեղդամահ անել իր երեխային: Թերթը պարզել է, որ մինչ այս դեպքը Անուշն իր երեխաներից մեկի մահվան դեպքով նույնիսկ դատապարտվել է:
Ըստ տարածված տեղեկությունների՝ երեք երեխաների մայր Անուշը ցանկացել է իր նորածին որդուն ապօրինաբար զրկել կյանքից՝ նրան դիտավորյալ թողնելով տան զուգարանակոնքի մեջ: Սակայն նրա եղբոր կինը՝ Արմինեն, կարողացել էր ժամանակին հասնել դեպքի վայր և կանխել հանցագործությունը:
Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ Անուշը նորածնի հետ տեղափոխվել էր «Սպիտակ» բժշկական կենտրոն: Իսկ ահա Անուշի եղբոր կինը՝ Արմինեն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմել էր, թե իր ամուսնու քույրը չի ցանկացել նման բան անել:
Պարզեցինք, որ մայրն ու որդին երեկ կեսօրին հիվանդանոցից դուրս են գրվել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Նորածնի անունը Նարեկ է:
Ինչևէ, «Ժողովուրդ»-ը փորձեց կատարվածի մանրամասները պարզել անձամբ Անուշից՝ երեխայի մորից, ով ասաց, որ ինքը չի ցանկացել իր երեխային սպանել, ամեն ինչ պատահական է եղել:
«Ցավեր ունեի, գնացի զուգարան ու այդ պահին ցավերս ավելի ուժգնացան: ժամանակից շատ շուտ սկսվեց ծննդաբերման պրոցեսը ու երեխան սկսեց ծնվել: Արդեն ուզում էր ընկնել զուգարանի մեջ, բայց հասցրեցի բռնել բկից ու փրկել: Այդ ողջ ընթացքում մենակ էի: Օգնություն կանչեցի, եկավ եղբորս կինը ու շտապ հասցրեցին մեզ հիվանդանոց: Սա իմ երրորդ երեխան է ու ամեն ինչ կարգին է: Այն, ինչ գրում են, թե իբր ցանկացել եմ սպանել երեխայիս, նման բան չկա: Ո՞նց կարող էի ես իմ երեխային սպանել: Երեխայիս վրա կապտուկ անգամ չկա, ինձ էլ հիվանդանոցում ասեցին, թե լավ եք արել, որ ժամանակին հասել եք, թե չէ ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել»:
Անուշից տեղեկացանք, որ իր ամուսինն արդեն 1,5 տարին է, ինչ Ռուսաստանի Դաշնությունում է: Ավելին, ըստ նրա՝ կատարվածի մասին ամուսնուն տեղյակ չի պահել. «Դե կգա կիմանա, ի՞նչ ասենք: Ի՞նչ ասելու բան ա»:
Անուշի խոսքով` ինքն այս տարվա հունվարի 3-ից հյուրընկալվել է իր եղբոր տուն ու ապրում է այնտեղ: «Նոր տարի եկա շնորհավորեցի ու մնացի, իսկ 17-ամյա դուստրս մնացել է Դիլիջանում»:
Մանրամասնները «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում







































