Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանը հունիսի 7-ին պարտավորեցրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ուղիղ եթերի միջոցով հրապարակային ներողություն խնդրել Սերժ Սարգսյանի խնամի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանից։ Արա Մինասյանը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի խնամին է, Սարգսյանի դստեր ամուսնու՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայրը։
Պաշտոնը ստանձնելուց հետո Արսեն Թորոսյանը խոսել էր այդ հիվանդանոցում առկա չարաշահումների մասին։ Դրան հաջորդել էին ցույցեր՝ ի պաշտպանություն Արա Մինասյանի, որից հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում Արսեն Թորոսյանը պատմել էր հիվանդանոցում հայտնաբերված խախտումների մասին։ Նա իր խոսքում հայտարարել էր, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչն» ունի արդյունավետությունը բարձրացնելու լուրջ խնդիր, ու իրենց ստուգումները ցույց են տվել, որ «այդ չարաշահումներն այնքան սիստեմատիկ են, որ նույնիսկ ստուգումների ընթացքում չեն դադարում»:
«Այսինքն՝ մենք մինչև հիմա ստանում ենք հաշվետվություններ նույն մարդու համար մի քանի անգամ պետական գումար գանձում կատարելու վերաբերյալ»,- ասել էր Թորոսյանը։
Նույն եթերի ընթացքում Թորոսյանը հայտարարում է․«Չի դադարում էդ թալանը և, այսպես ասած՝ վատնումը: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել, հիմնական բաժինը՝ 400 միլիոնից ավելի, հիմա ասեմ կոնկրետ թիվը՝ 400 քանի միլիոն: Մարդիկ եկել են, հանձնել են արյան անալիզ և մի քանի այլ փոքր հետազոտություններ են արել, վերջում պարզվել է, որ այդ մարդիկ պառկել են հիվանդանոցում ու 200 000 դրամի բուժում են ստացել»: Իր խոսքում Թորոսյանը հայտարարում է, որ հիմնարկը 8 000 դրամի հետազոտության փոխարեն 200 000 դրամ է ստանում պետբյուջեից։ «Կազմակերպված, խմբակային հանցավորություն է, ոչ թե սովորական: Ու էդ կազմակերպված հանցավորության բանդայի մի մասը հիմա ցույց է անում, որ բանդայի պարագլուխը հանկարծ չզրկվի իր աթոռից»,- ասել էր նախարարը։ Հենց այս արտահայտություններն էլ Արա Մինասյանը համարել էր զրպարտություն և դատական հայց ներկայացրել Թորոսյանի դեմ։
Իր իրավական դիրքորոշման մեջ Արսեն Թորոսյանի ներկայացուցիչը նշել է, որ իր խոսքերն ուղղված են եղել գործում ներգրավված երրորդ կողմին՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին, և միայն երրորդ անձը կարող է իր խոսքերը համարել զրպարտություն։ Սակայն օրերս դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակից «վախեցող դատավորներին չիշիկ խմելու» հորդորների հեղինակ դատավոր Սարգիս Երիցյանը, որը նաև կրթության և գիտության նախկին նախարար Սերգո Երիցյանի որդին է, որոշել է, որ նախարարը պետք է ներողություն խնդրի Արա Մինասյանից, երբ հայտարարություններում որևէ տեղ նրա անունը նշված չէ, և նախարարի ասածները հիմնականում վերաբերում են բժշկական կենտրոնին։
Նախարար Արսեն Թորոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Գևորգ Գյոզալյանը երեկ արձանագրեց, որ առկա է մտավախություն, որ այս գործը չի քննվում օբյեկտիվության պայմաններում, և դատարանը չի ապահովել բավարար երաշխիքները, ինչը հնարավորություն կտար հավասար պայմաններում մրցակցել դատավարական հակառակորդի հետ. «Երկու դատաքննությունից հետո ինձ մոտ արդեն ակնհայտ կասկածներ կային, որ դատավորն ավելի քան շահագրգռված է այդ գործով։
Ըստ նախարարի փաստաբանի, ամենատարօրինակն այն է, որ դատարանը ոչ միայն Արսեն Թորոսյանին է պարտավորեցրել ներողություն խնդրել Արա Մինասյանից, այլև ՀՀ առողջապահության նախարարությանը։ Ընդ որում՝ արդարադատության նախարարությունը Արա Մինասյանից ներողություն պետք է խնդրի Արսեն Թորոսյանի անձնական ֆեյսբուքյան էջով և նախարարության կայքի միջոցով։ «Մեր խնդիրն է, որ ապահովվի հավասար մրցակցային դատավարության հնարավորություն, թույլ տրվի մեզ ներկայացնել մեր ապացույցները։ Եթե հավասար մրցակցային դատավարության պայմաններում գործը քննվի, մենք անվերապահորեն կընդունենք դատարանի որոշումը, եթե անգամ հայցը բավարարվի»,- ասաց Գյոզալյանը՝ հավելելով, որ միանշանակ վերաքննիչ բողոք են ներկայացնելու, բացի դրանից՝ քննարկվում է՝ դատավորի հետ կապված դիմել արդարադատության նախարարություն կամ կարգապահական հանձնաժողով, որպեսզի դատավորի նկատմամբ կիրառվի ամենախիստ պատիժը։ Գյոզալյանի խոսքերով, եթե անգամ այս հասարակական հնչեղության գործն էլ չլիներ, նա վաղուց պատրաստվում էր դիմել կարգապահական հանձնաժողով, նրա լիազորությունները դադարեցնելու պահանջով, քանի որ նա պրոֆեսիոնալ չէ։ «Կասկածից վեր է, որ դատավորը գործել է բարձր սուբյեկտիվ գործոնի ազդեցության ներքո։ Այս վճիռը կարդալուց հետո ես հասկացա, որ մենք խնդիր ունենք ոչ թե պարզապես դատական սխալի հետ, այլ դիտավորությամբ կատարված սխալի հետ»,- ասաց Գյոզալյանը։
Նշենք, որ Սարգիս Երիցյանի նկատմամբ արդեն իսկ կա հարուցված կարգապահական վարույթ՝ կապված նրա հայտնի գրառման հետ, որը հետո նա, իհարկե, հեռացրել էր իր էջից։ Նախօրեին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով իր նկատմամբ այս վճռին, ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով. «Վեթինգը պետք է սկսել միզաբուժության գուրու և պապայի (կամ գուցե մամայի) բալա դատավորներից»։
«Միզաբուժության այս գուրուն», ինչպես հայտնի է, ժամանակ առաջ քննում էր նաև Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ 1in.am-ի գործը։ Ամբողջ դատավարության ընթացքում երիտասարդ դատավորը ստանձնել էր Քոչարյանի փաստաբանների դերը։ Գրեթե բոլոր նիստերից տպավորություն էր ստեղծվում, որ ոչ թե Անի Ալավերդյանն է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը, այլ Սերգո Երիցյանի դատավոր որդին՝ Սարգիս Երիցյանը։
1in.am-ի փաստաբան Սահակ Գագինյանը անգամ երեք հիմքով բացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Սարգիս Երիցյանին։ Որպես հիմնավորում՝ փաստաբանը նշել էր, որ դեռևս նախնական դատական նիստերի ընթացքում դատավորը կողմնակալ մոտեցում է ցուցաբերել գործին։
Մասնավորապես, չի բավարարել այս գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ իր ներկայացրած միջնորդությունը մինչև ՀՔԾ վարույթում քննվող Մարտի 1-ի գործով եզրափակիչ ակտի կայացումը։ Բացարկի հաջորդ հիմք՝ Գագինյանը նշել էր այն հանգամանքը, որ դատավոր Երիցյանը ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ նրա խորհրդական աշխատած Սերգո Երիցյանի որդին է։ Ըստ փաստաբանի՝ այդ փաստն ինքնին չէր կարող բացարկի հիմք լինել, սակայն դատավորի կողմնակալ և ոչ անաչառ գործողությունների համատեքստում այդ փաստն ազդել է դատավորի ընթացակարգային որոշումների, դիրքորոշման և գործողությունների վրա և կարող է ազդել նաև եզրափակիչ դատական ակտ կայացնելու վրա։ Սարգիս Երիցյանը, սակայն, մերժեց բացարկի միջնորդությունը, Քոչարյանի մտերիմ Սերգո Երիցյանի որդին լինելու փաստը, իհարկե, անդրադարձավ վերջնական դատական ակտ կայացնելու վրա։ Սարգիս Երիցյանը, ըստ էության, բավարարեց Քոչարյանի հայցը, որը, իհարկե, ներկայումս բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում։ Հուլիսի 12-ին Վերաքննիչ դատարանը կհրապարակի իր որոշումը։
Իրավապաշտպանների գնահատմամբ՝ հենց նման իրավիճակներին վերջ դնելու համար էլ շուտափույթ պետք է կյանքի կոչվեն դատական համակարգի բարեփոխումները, ներդրվի վեթինգի ինստիտուտը, որի կիրառումն արդեն կբացառի համակարգում այնպիսի դատավորների գոյությունը, որոնք կարող են սուբյեկտիվիզմով պայմանավորված դատական ակտեր կայացնել՝ անտեսելով օրենքը։












































