Սպիտակ տունը երեկ հանդես է եկել այլ պետությունների կառավարություններին և միջազգային ավիաընկերություններին ուղղված նախազգուշացումով այն մասին, որ ահաբեկչական կազմակերպությունները մոտ ապագայում պատրաստվում են պայթյուններ իրականացնել, իսկ պայթուցիկ սարքերը ներդրված են լինելու մարդկանց մարմինների մեջ: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմում իր աղբյուրներին:
Նշվում է, որ ահաբեկիչները, որոնց օրգանիզմներում վիրահատության միջոցով ներդրվում են ռումբեր, կարող են ավիավթարներ կազմակերպել, քանի որ սովորական սարքերը չեն կարողանում հայտնաբերել մարմնի մեջ եղած սարքերը: Այս եզրակացության ամերիկյան հետախուզությունը եկել է այն բանից հետո, երբ տեղեկություններ է ստացել Եմենում «Ալ-Քաիդա»-ի մասնաճյուղի որոշ աղբյուրներից, թե այս կազմակերպությունը ահաբեկչությունները հաջող իրականացնելու համար դիմում է վիրահատական միջոցների:
Մամուլում այս ձևն արդեն ստացել է «վիրահատական ահաբեկչություն» անվանումը: Այս մասին գրում է The Daily Telegraph-ը: Նյու Յորքից մի վիրաբույժ CBS News-ին ասել է, որ դա հեշտ է իրականացման առումով: Կանանց դեպքում պայթուցիկ սարքերը կարող են ներդրվել կրծքում, իսկ տղամարդկանց մոտ կրիչ կարող է հանդիսանալ որովայնը և կամ նստամկանը:







































