ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը մարտի 13-ին ԱԺ նիստի ժամանակ հարց ուղղեց ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին՝ արդյոք տարածքների սեփականաշնորհման ժամանակ հատուկ պահանջներ դրվում են: «Ոչ մեկի համար Սիրիայում տեղի ունեցածը սպասելի չէր, հիմա ոչ մեկը չի կարող խնդիր բարձրացնել՝ այնպես կարող է լինել, որ նաև ուկրաինահայության տեղավորման հարց բարձրանա, և Հայաստանում պիտի լինեն այնպիսի տարածքներ, որ պետությունը սեփականաշնորհել է, հատկապես՝ հանգստյան տներ կամ տարածքներ, գործարաններ, որոնք հնարավորություն կունենան մարդկանց ընդունելու: Պողոսյանը հետաքրքրվեց՝ արդյոք պայման դնում են սեփականաշնորհման ժամանակ, որ սեփականատերը խնդիր ունենա, ինչ-որ չափով նաև Հայաստանի անվտանգության տեսակետից ելնելով, տեղ ապահովելու, քանի որ աշխարհը փոխվել է, և փաստորեն հայությունը դրսում ոչ բարենպաստ իրավիճակներում է, Հայաստանն էլ պարտավոր է իրենց ընդունել և տեղավորել:
Արման Սահակյանը պատասխանեց, որ նմանատիպ խնդիրներ դրվում են: «Ես պետք է ձեզ տեղեկացնեմ, որ առավել ևս պետական բնակարանային ֆոնդի հետ կապված՝ համենայն դեպս առաջին անգամ ՀՀ-ում տեղի է ունեցել հաշվառում: Իհարկե, ինձ մոտ թվերը չկան, բայց կարող եմ ներկայացնել հետագայում, օրինակ՝ հանրակացարանները, էն բնակելի տարածքները կամ տարածքները, որ հնարավոր է օգտագործել, բնականաբար, սրանք հաշվառվում են, սա՝ մեկ, երկրորդը՝ նախկինում սեփականաշնորհված բոլոր, էսպես ասեմ, և առողջապահական հիմնարկները, և նմանատիպ հիմնարկները, բոլորի մոտ էդ խնդիրը դրվել է, որ Աստված մի արասցե, պատերազմի ժամանակ դրանք ամբողջությամբ պիտի ապաստան տան մեր ժողովրդին»,- ասաց նա:








































