ABI Research ընկերության վերլուծաբանները կանխատեսումներ են արել բջջային պրոցեսորների շուկայի զարգացման վերաբերյալ: Նրանց տվյալներով՝ մինչև 2018 թվականը 64 բիթանոց չիպերը կգրավեն շուկայի ավելի քան 50 տոկոսը: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Անցած տարվա աշնանը կալիֆոռնիական Apple-ը դարձավ առաջամարտիկ: Թիմ Կուկի ընկերությունը ներկայացրեց իր առաջին 64 բիթանոց A7 բջջային պրոցեսորը: Ներկայումս այն կիրառվում է iPhone 5S սմարթֆոններում և iPad Air ու Retina դիսփլեյով երկրորդ սերնդի iPad mini պլանշետներում:
Վերջերս Բարսելոնում անցկացված Mobile World Congress 2014 միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ շատ անվանի արտադրողներ ներկայացրին իրենց 64 բիթանոց բջջային պրոցեսորները: Նրանց շարքում են այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Intel-ը, Marvell-ը, MediaTek-ն ու Qualcomm-ը:
64 բիթանոց առաջին Android սարքերը կթողարկվեն այս տարվա երկրորդ կեսին՝ ՕՀ-ի նոր տարբերակի թողարկումից հետո:
Վերլուծաբանների կանխատեսումներով՝ այս տարի կթողարկվի 64 բիթանոց առնվազն 182 մլն պրոցեսոր: Դրա միայն 20 տոկոսը բաժին կընկնի Android-ին, մնացած 80-ը՝ Apple-ի iOS-ին:









































