Հատուկ քննչական ծառայությունը չի մեկնաբանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հարցաքննության վերաբերյալ տեղեկությունը: Այս մասին ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը ո՛չ հաստատել, ո՛չ հերքել էր տեղեկությունը, թե ինքը հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակում։ Նա հորդորել էր հարցն ուղղել իրավասու մարմնին՝ հավելելով, որ դա գաղտնիք է։
«Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրգործերի շրջանակներում հարցաքննված անձանց վերաբերյալ տեղեկատվություն չենք տրամադրում»,- ասաց Օհանջանյանը:
Միաժամանակ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարը վստահեցրել էր, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետ որևէ կապ չունի:
2008 թվականին Գագիկ Ծառուկյանը եղել է Ազգային ժողովի պատգամավոր, ղեկավարել է ԲՀԿ խմբակցությունը: Նա պատգամավոր էր ընտրվել 2007 թվականին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով:






































