Քաղաքական ուժերի հետ «կոնսոլիդացվելուն» զուգահեռ Գագիկ Ծառուկյանի պասիվությունը ունի պրագմատիկ-քաղաքական և շատ բացատրելի հիմքեր: ԲՀԿ-ն իր գործունեության ընթացքում ցույց է տվել, որ բացարձակապես անընդունակ է ճակատամարտ տալ ՀՀԿ-ի դեմ: ԲՀԿ-ն կարող է սպառնալ, կարող է ամեն ինչ անել ՀՀԿ-ին դժվարին դրության մեջ դնելու համար, սակայն վճռական ճակատամարտի դուրս չի գա երբեք:
Եթե Ծառուկյանը մի փոքր խիզախություն ունենար, ապա նախօերին ԲՀԿ-ական «կանյաչնիում» կայացած ՀԱԿ֊ԲՀԿ հանդիպումից ժամեր անց չէր հերքի ՀԱԿ-ի ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, որ քննարկել են Սերժ Սարգսյանի հեռացման խնդիրը:
Այստեղ հատկանշականը ԲՀԿ-ի պաթոլոգիկ վախն է Սերժ Սարգսյանի անունից: «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդն ու շարքերը Սերժ Սարգսյանի անունը տալուց վախենում են այնպես, կարծես դրանից հետո երկինքը փուլ է գալու իրենց գլխին: Ինչո՞ւ են ԲՀԿ-ականները վախենում Սերժ Սարգսյանին ուղղակիորեն հռչակել որպես ներկայումս իշխանության արատների պատասխանատու: Չէ՞ որ նա նախագահն է, նա է ձևավորում կառավարություն. եթե վարչապետը վատ է աշխատում, այդ Սերժ Սարգսյանն է, որ նրան չի փոխում, որ չի փոխում նախարարներին և այլն: Ուրեմն ի՞նչ կա այստեղ անտրամաբանական կամ զարմանալի, եթե պատասխանատվությունը դրվում է Սարգսյանի վրա` որպես նախագահի:
«Բարգավաճ Հայաստան»-ի մոտ երևի թե Դաշնակցության սինդրոմն է: Դաշնակցությունն էլ պաթոլոգիկ վախ ուներ Սերժ Սարգսյանի անունը տալու հարցում: Ընդ որում, խոսքը տվյալ դեպքում հրաժարական պահանջելու մասին չէ, այլ գոնե ընդամենը ասելու, որ այո` մենք մեղադրում ենք Սերժ Սարգսյանին կամ քննադատում նրան այսինչ բանի համար:
Եվ այս ամենից հետո հայտարարվում է, որ դուրս են եկել արատավոր համակարգի դեմ պայքարի և պատրաստ են անգամ ունեցվածք կորցնել: Մնում է ընդամենը ծիծաղել այդ հայտարարությունների վրա: Սա պայքար է հողմաղացների, ոչ թե Սերժ Սարգսյանի դեմ, որովհետև Սերժ Սարգսյանի դեմ պայքարողները չեն վախենում տալ նրա անունն ու քննադատել անձամբ նրան:
Անունը, իհարկե, ինքնանպատակ չէ, սակայն երբ գերնպատակ է դառնում ամեն գնով այդ անունից խուսափելը, ապա այստեղ արդեն բոլորովին այլ իրողություն է: Սա արդեն ոչ թե քաղաքական դիրքորոշում է, այլ վախ` պարզ, մարդկային վախ, որը քաղաքականության հետ կապ ունի այնքանով, որ ամենևին լավ խորհրդատու չէ:
Վախի վրա կառուցված քաղաքականությունը մղում է ծայրահեղությունների` կամ ծայրահեղ իներտության, կամ ծայրահեղ ագրեսիվության:










































