Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի համոզմամբ՝ ելնելով նրանից, ինչ տեղի է ունենում ՌԴ տնտեսությունում, դեռ վաղաժամ է՝ հետրևություններ անել՝ դրանք արդյոք երկարաժամկետ խնդիրներ են, թե կարճաժամկետ՝ կապված Ուկրաինայի դեպքերի հետ: «Այդ մասին ասել դեռ վաղ է, առաջիկայում ավելի հստակ կլինի, և երկարաժամկետ կանխատեսումներ կարելի է անել, այս պահի դրությամբ՝ որևէ լուրջ, մտահոգիչ ազդեցություններ մենք չենք զգում:
«Եթե»-ներով եկեք՝ չխոսեմ, մենք դեռ ունենք ժամանակ, որ հասկանանք՝ ինչ է տեղի ունենում: Մենք տարի մուտք ենք գործել բավարար քանակի ռեզերվներով, շատ ավելի շատ, քան մուտք ենք գործել 2013 թվական»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա: Անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ծավալվող պայքարին՝ նախարարը նշեց, որ ցանկանում է կրկին ընդգծել՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը միշտ պատրաստ է ցանկացած հանդիպումների, պատրաստ է ներկայացնել պարզաբանումներ, բացատրություններ բարձրաձայնված խնդիրների շրջանակներում:
«Նույն պատրաստակամությունը մենք հայտնել էինք նաև օրեր առաջ, սակայն նաև քաղաքական կուսակցությունների կողմից դրսևորված վարքագծի արդյունքում այն հավաքը, որ տեղի ունեցավ, չեմ կարծում, որ դրա նպատակը պարզաբանումներ ստանալն էր»,- ասաց նա՝ հավելելով, որ դրա վկայությունը նույն այդ հավաքի օրն իր՝ հաշվապահների ասոցիացիայում բավական մեծ թվով հաշվապաների և աուդիտորների հետ հանդիպման ժամանակ «Դեմ եմ» շարժման ակտիվիստների ներկայությունն է:
«Ես նրանց հետ շահագրգիռ քննարկումներ եմ անցկացրել և տվել եմ պարզաբանումներ իրենց հուզող հարցերին: Համենայնդեպս, այն մարդիկ, ովքեր իսկապես մտահոգված են կենսաթոշակային բարեփոխումների հարցով և դրանց վերաբերյալ հարցադրումներ են արել, ես նրանց պատասխանել եմ և հասկացել, թե ինչ հարցեր են նրանց մտահոգում»,- ասաց նախարարը: Մանրամասները՝ տեսանյութում:
Ֆինանսների նախարարը ևս մեկ անգամ ընդգծեց, որ նախարարությունը երբեք չի խուսափում պարզաբանումներ ներկայացնելուց, իսկ այն, ինչ տեղի է ունեցել մի քանի օր առաջ նախարարության շենքի մոտ, ոչ թե քաղաքացիական ակտիվիստների, այլ տարբեր քաղաքական ուժերի աշխատանքն է եղել:









































