Իսրայելյան խորհրդարանի պատգամավորները մարտի 12-ին ձայների մեծամասնությամբ հավանության են արժանացրել օրինագիծը, որը պարտավորեցնում է ուլտրաուղղափառ հրեաներին երկրի այլ երիտասարդների հետ հավասար ծառայել բանակում, հաղորդում է Agence France-Presse-ը:
Օրինագծին կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ միայն 1-ը: Կնեսետը ընդամենը 120 պատգամավոր ունի, ընդդիմադիրները բոյկոտել են քվեարկությունը:
Ընդունված օրենքի համաձայն՝ զինակոչային տարիքի ուլտրաուղղափառները պարտավոր են բանակում ծառայել, կամ այլընտրանքային ծառայության անցնել:
Օրինագծին դեմ են հանդես եկել տեղական հոգևոր առաջնորդները:
Ուլտրաուղղափառներին թույլ են տվել բանակում չծառայել դեռ 1948 թ., երբ ստեղծվել է Իսրայել պետությունը: Այն ժամանակ նրանք երկրի բնակչության աննշան մասն էին կազմում, ինչը պետությանը թույլ էր տալիս չնկատել նրանց բացակայությունը զինված ուժերի շարքերում, գրում է lenta.ru-ն:








































