«Բարգավաճ Հայաստան» և Հայ ազգային կոնգրես քույր կուսակցությունների քարոզչական «հրետանին» վերստին շրջանառության մեջ է դնում բուրժուադեմոկրատական հեղափոխության գաղափարը, որ ժամանակին Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքային հարթակից հնչեցրել էր Լևոն Տեր-Պետրոսյանը:
Գաղափարը ակնհայտորեն շրջանառության մեջ է դրվում ներկայիս կոնգրեսական մարտավարությունը, ավելի ճիշտ ԲՀԿ հետ Կոնգրեսի, այսպես ասած, «սիրախաղն» արդարացնելու նպատակով` այն իմաստով, որ ամբողջատիրական կամ բռնատիրական համակարգի դեմ պետք է դուրս գալ այդ համակարգից սնվող մասնիկները սեփական կողմը ներգրավելու ճանապարհով, գործարար խավին, այլ կերպ ասած` բուրժուազիային որևէ կերպ պայքարի մեջ ներգրավելով, ժողովրդական շարժման կողմն անցկացնելով: Այսինքն, ըստ էության, փորձ է արվում արդարանալ, թե իբր Հայ ազգային կոնգրեսը բուրժուադեմոկրատական հեղափոխության շրջանակում փորձում է ԲՀԿ-ին անցկացնել ժողովրդի կողմը:
Այստեղ, իհարկե, գործ ունենք կամ մեծ խաբեության, կամ ոչ պակաս մեծ ինքնախաբեության հետ: Նախ, իսկապես, բուրժուադեմոկրատական հեղափոխությունը լուրջ բան է, և եթե երկրի գործարար շրջանակները, այլ կերպ ասած` բուրժուազիան անցնում է հասարակության կողմը, ապա այդ երկրի իշխանությունն իրապես հայտնվում է գրեթե անելանելի վիճակում: Ի դեպ, նաև հենց այդ հանգամանքն էր պատճառը, որ 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանին հաջողվեց բավականին ուժեղ ժողովրդական ալիք առաջացնել. նրա շարժմանը միացել էր նաև փոքր ու միջին գործարարության, կամ հենց այդ բուրժուազիա կոչվածի զգալի մասը:
Խոշոր բիզնեսը կամ օլիգարխիան իհարկե, մեղմ ասած, դժվար է բուրժուազիա համարելը, մինչդեռ Կոնգրեսը ներկայումս, փաստորեն, հենց այդպես էլ փորձում է ներկայացնել Գագիկ Ծառուկյանին: Բանն այն է, որ ի տարբերություն բուրժուադեմոկրատական հեղափոխության, Կոնգրեսը ներկայումս համագործակցում է մի գործարարի հետ, որը Հայաստանի խոշոր մոնոպոլիստներից և օլիգոպոլիստներից մեկն է:
Այսինքն, ըստ էության, բացառվում է Գագիկ Ծառուկյան և բուրժուադեմոկրատական հեղափոխություն հասկացությունների համատեղումը` թեկուզ և այն պարզ պատճառով, որ Ծառուկյանը հենց մեկն է այն անձանցից, այն անհատներից և թերևս նաև, ըստ էության, կառույցներից, որոնք խժռել ու խժռում են փոքր ու միջին բիզնեսի շատ ներկայացուցիչների, ընդ որում` շատ հաճախ, այսպես ասած, արտաօրինական կամ ապօրինի մեթոդներով: Եվ առնվազն դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող են գառները գալ գայլի հետ հեղափոխություն անելու:











































