Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ընթանում է Արմեն Մինասյանի գործի դատական քննությունը:
Արմեն Մինասյանին նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
2013 թվականի նոյեմբերի 18-ի երեկոյան, ըստ մեղադրանքի, Արմեն Մինասյանը դանակի հարվածներով սպանել է իր թաղեցի Եղիային:
Եղիայի և Արմենի ճանապարհները խաչվել են դեռ 20 տարի առաջ:
Եղիան երիտասարդների խմբի կազմում քսան տարի առաջ՝ 1993 թվականին հրկիզել էր Արմեն Մինասյանի հայրական տունը և հորեղբոր տունը: Այդ տները կողք կողքի են եղել: Հրկիզողների թիրախում Արմենի հորեղբոր տունն է եղել, նրա հետ են հաշիվներ ունեցել, բայց հրկիզման ընթացքում ազարտի մեջ են ընկել ու հրկիզել նաև Արմենի հայրական տունը:
Այդ հրկիզումից ոչնչացել է Արմենի ծնողների առանձնատունը, թալանվել է տարիներով վաստակած ամբողջ գույքը:
Մինչև օրս Արմենի ծնողներն ու Արմենի ընտանիքն ապրում են ավտոտնակում: Արմենի կինը, ով ներկայումս, երբ Արմենը կալանքի տակ է, դերձակությամբ, մեծ դժվարությամբ պահում է իրենց անչափահաս՝ հինգերորդ դասարանցի դստերը, հուզված ասաց. «Կարող եք գալ ու տեսնել, թե ինչ անմարդկային պայմաններում ենք ապրում»:
Արմենի հայրն էլ մեծ վշտով պատմում էր, որ ինքը նախապատրաստվող հրկիզման մասին հրկիզումից երեք օր առաջ հայտնել էր իրենց համայնքի դատախազին, բայց իրեն չէին հավատացել, ոչ մի միջոց չէին ձեռնարկել, ու ընտանիքի տունը հրդեհից ոչնչացվել էր, իսկ ամբողջ գույքը՝ թալանվել:
Հրկիզողներին գիտեր ամբողջ թաղը, գիտեին իրավապահները՝ ըստ տուժած ընտանիքի, բայց ոչ ոք, այդ թվում և Եղիան, պատասխանատվության չեն ենթարկվել, մնացել են անպատիժ ու ամբողջ ժամանակ՝ տուժածների աչքի առաջ:
Անցել է 7 տարի:
2000 թվականին Արմենը մի օր տուն է մտել, տեսել, որ Եղիան իրենց տանն է: Նա ծեծել է Եղիային: Վերջինս բողոքել է: Արմենը քրեական պատասխանատվության է ենթարկվել, վեց ամիս պատիժ կրել:
Դրանից հետո Արմեն Մինասյանը Եղիայի հետ չի շփվել, չնայած շարունակել են նույն թաղում ապրել:
Եվ ահա այդ ծեծից 13 տարի անց՝ 2013 թվականի նոյեմբերի 18-ին Արմենի ու Եղիայի ճանապարհները նորից հատվել են:
Արմենը մշտական աշխատանք չուներ, մասնավոր շինարարական աշխատանքներ էր կատարում՝ ընտանիքի կարիքները հոգալու համար:
Վերոհիշյալ օրը նա հարևանի տանը կոյուղագծի փորման աշխատանք էր կատարում:
Մեկ էլ անսպասելի այնտեղ է եկել Եղիան: Նա իր հետ մի շիշ օղի, երկու բանան ու հյութ է բերել, ասել է՝ խոսենք:
Բայց խոսակցությունը չի ստացվել: Երկու-երեք բաժակից Եղիան, ըստ Արմենի, հարբել է, նրա հետ խոսելն անհնար է դարձել: Արմենն առաջարկել է, որ նա գնա տուն, լրջանա: Եղիան էլ, ըստ Արմենի, ասել է՝ իրիկունը կգաս տուն, կխոսենք:
Եղիան այս տարիների ընթացքում դարձել էր հարբեցող: Թաղում բոլորը գիտեին նրա անփառունակ ապրելակերպի մասին:
Բայց հնարավոր է, որ մարդը հոգու խորքում իրեն մեղավոր էր զգում, փորձեր էր անում հաշտվելու: Արմենի հետ հանդիպումից հետո նա հարևանին ասել է. «Տեսա՞ր, ինչ լավ արեցիր, որ օղին տվեցիր, ես ու Արմենը խմեցինք իրար հետ ու հաշտվեցինք»: Իսկ Արմենը նույն հարևանի հարցին պատասխանել է, թե՝ ի՞նչ հաշտվել, Եղիան «տուֆտել է»:
Այնուամենայնիվ, Արմենի մտքով անցել է, երևի, թե միգուցե Եղիան տարիներ առաջ կատարածի համար զղջում է, փորձում է իր պատճառով տուժած ընտանիքի կողմից ինչ-որ կերպ ներվել կամ էլ, ով գիտի, ինչ-որ չափով հատուցել պատճառած վնասը…
Արմենը աշխատանքը վերջացրել է, գնացել տուն, մտածել ու որոշել, այնուամենայնիվ, գնալ ու պարզել, թե ինչի մասին էր ուզում խոսել Եղիան:
Նա գնացել է Եղիայի տուն:
Եղիան, ի տարբերություն Արմենի անտուն ընտանիքի, ապրում էր իր առանձնատան երկրորդ հարկում: Մուտքը ավտոտնակից էր:
Ըստ Արմենի՝ ինքը թակել է ավտոտնակի դուռը: Բացել է Եղիան, նայել Արմենին ու ասել՝ ինչո՞ւ ես եկել:
Մոռացկոտությունը հատուկ է հարբեցողներին, Եղիան կարող էր մոռացած լինել, որ Արմենին կանչել է կամ կարող էր մտածել, թե արդեն խոսել է Արմենի հետ, նրան օղի, բանան ու հյութ է հյուրասիրել…
Արմենի այցից դժգոհ Եղիան, ըստ Արմենի, վերցրել է ավտոտնակում ձեռքի տակ ընկած ուրագը ու դրանով հարվածել է Արմենի գլխին, վնասվածք պատճառել:
Արմենը մի ձեռքով բռնել է Եղիայի ձեռքը, չի թողել, որ նորից խփի, բայց տեսնելով, որ Եղիան չի հանգստանում, մյուս ձեռքով վերցրել է ավտոտնակում եղած դանակներից մեկը ու մի քանի հարված է հասցրել Եղիայի որովայնի շրջանին:
Եղիան բարձրացրել է շապիկը, ասել՝ էս խփեցի՞ր: Արյուն տեսնելով՝ արյունից վախեցող Արմենը դուրս է վազել:
Նա դանակը ձեռքին էլ դուրս է եկել, տեսել է հարևանի զավակին, հայտնել, թե ինչ է արել, ասել է՝ գնացեք, Եղիային օգնեք:
Արմենը, ըստ իր ցուցմունքի, տաքսի է նստել, գնացել Էրեբունու ոստիկանության մոտ, բայց վախեցել է ներս մտնել: Նույն տաքսիով տուն է գնացել, տուն մտնելուց առաջ դանակը նետել է հարևանի բակ, հետո տուն է մտել, հորը պատմել, թե ինչ է արել:
Օղի է խմել՝ ի պետս քաջության, ու սպասել է ոստիկաններին. համոզված էր, որ ուր որ է՝ կգան իր հետևից:
Մոտ մեկուկես ժամից ոստիկանները, իրոք, նրանց տուն են եկել ու բերման ենթարկել Արմենին:
Նրան տարել են խմածությունը ստուգելու, պարզել են, որ խմած է, հետո անմիջապես տարել են հարցաքննելու: Խմած վիճակում:
Քննիչը, ըստ Արմենի, անուշադրության է մատնել իր գլխի վերքը, փորձաքննություն չի նշանակել՝ այդ վնասվածքի ծանրության աստիճանը ստուգելու համար:
Անմիջապես հարցաքննել է կասկածյալին, ու ինքն էլ իր ձեռքով գրել է նրա ցուցմունքը:
Ըստ Արմենի՝ իրեն չեն բացատրել, որ կարող է հանրային պաշտպան ունենալ՝ անվճար փաստաբանական ծառայությունից օգտվել: Արմենը հրաժարվել է պաշտպանից՝ իր ընտանիքի նյութական ծանր վիճակից ելնելով:
Քննիչը խմած Արմենին հարցաքննել է: Հարցաքննության պահին, ըստ Արմենի, սենյակում վեց հոգի են եղել: Բոլորն էլ հարցեր են տվել:
Քննիչը, իբր Արմենի պատմածից գրել է, թե նա Եղիայի հետ առաջին հանդիպումից հետո տուն է գնացել, նրա մեջ արթնացել է Եղիային սպանելու միտքը, նա տնից դանակ է վերցրել, գնացել ու սպանել է Եղիային:
Վերջին նախադասությունն արդեն իր ձեռքով գրել է կասկածյալ Արմեն Մինասյանը: Ի տարբերություն քննիչի ձևակերպման, կասկածյալը գրել է՝ ես Եղիային սպանելու ցանկություն չունեի, չէի ուզում նրան սպանել, միայն ուզում էի վնասել:
Նույն ցուցմունքում առկա այս հակասության վրա այսօր դատարանի ուշադրությունը հրավիրեց նախաքննության կեսից ներգրավված փաստաբան Կարեն Մանուչարյանը՝ հանրային պաշտպանի գրասենյակից: Նա է պաշտպանում Արմեն Մինասյանի շահերը:
Առաջին հարցաքննության մեջ քննիչը չի արձանագրել, որ առաջին հարվածը ուրագով Արմենին հասցրել է տուժող Եղիան, նա խփել է Արմենի գլխին:
Ուրագի հանգամանքը քննիչը չի արձանագրել, ըստ պաշտպանի, որ մաքուր դիտավորյալ սպանություն ունենան՝ 104 հոդվածի 1-ին մաս:
Այնուամենայնիվ, Արմենի գլխի վնասվածքն այնպիսին է եղել, որ հաջորդ օրվա հարցաքննության մեջ քննիչը, այնուամենայնիվ, թեթևակի հիշատակել է ուրագով հարվածի պահը: Բայց այնպես է արձանագրել, որ ուրագով մեկ հարված հասցնելուց հետո Եղիան այլևս հարվածել չէր ուզում, չէր փորձում, և Արմենը նրան դանակահարել է զուտ սպանելու մղումով:
Ըստ պաշտպան Մանուչարյանի՝ Արմեն Մինասյանը գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, բայց նրան քննության հենց սկզբում զրկել են պաշտպան ունենալու հնարավորությունից, կոպտորեն խախտել են նրա իրավունքները. հարցաքննության պահին սենյակում վեց հոգի են եղել, խմած, ուրագով գլխին հարված ստացած, այդ ամենից ու կատարած արարքից շշմած, շփոթված, իրեն կորցրած Արմեն Մինասյանին հարցաքննել են գիշերով: Նա ոչինչ չի հասկացել, դրան էլ գումարած՝ իրավական գիտելիքների և իր իրավունքների մասին գիտելիքների իսպառ բացակայությունը… Դրան էլ գումարած Արմեն Մինասյանի հոր կարծիքը, թե լավ կլիներ՝ իր որդուն ենթարկեին դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության…
Պաշտպանը միջնորդեց Արմեն Մինասյանի նախաքննական ցուցմունքները անթույլատրելի ապացույց ճանաչել, որովհետև դրանք ձեռք են բերվել օրենքի կոպիտ խախտումներով: «Դատարանները եթե մի քանի գործով նման ցուցմունքներն անթույլատրելի ապացույց ճանաչեն, քննիչները կվախենան այդպես ակնհայտ կերպով խախտումներ թույլ տալ»,- ասաց պաշտպանը:
Արմեն Մինասյանն այսօր դատարանում իր հարցաքննության ավարտին հայտնեց, թե իրեն մեղավոր է ճանաչում:
Մեղադրողը այդ հայտարարությունից ոգևորվեց ու ասաց, թե այլևս հարց չունի:
Բայց միջամտեց պաշտպանը: Հարցը նորից կրկնվեց:
Ամբաստանյալ Արմենն ասաց, թե իրեն մեղավոր է ճանաչում, որ ապօրինի կերպով Եղիային զրկել է կյանքից. «Վսյո տակի մարդ էր»,- ասաց ամբաստանյալը: Նա զղջում էր կատարվածի համար, բայց ընդգծեց, որ ինքը Եղիային խփել է ո՛չ սպանելու դիտավորությամբ, ինքը խփել է, որ իրեն չխփեն, որ ազատվի Եղիայից:
Իր ցուցմունքում ամբաստանյալն ասել է նաև, որ Եղիայի մահը նրա հարազատներին դժվար թե տխրեցներ: Եղիայի վերջին տարիների ապրելակերպը այնպիսին էր, որ նրանից ազատվելու համար միգուցե ուրախացողներ էլ են եղել…
Եղիայի հարազատներից ոչ ոք չկար դատարանում: Տուժողի իրավահաջորդը դիմում էր գրել դատարանին, որ գործը քննեն իր բացակայությամբ, ինքը ամբաստանյալից պահանջ չունի…
Արմեն Մինասյանի հայրը դատից հետո ասաց, թե իրենց նկատմամբ արդեն քսան տարի անօրինություններ են կատարվում: Իրենք չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները: «Եթե ժամանակին անպատիժ չմնային երկու տուն հրկիզած հանցագործները, այսօր այս սպանությունը չէր լինի, տղաս չէր դատվի, իմ ու տղայիս ընտանիքներն էլ անտուն-անտեղ չէին մնա»,- ասաց վշտաբեկ հայրը:
Ամբաստանյալ Արմեն Մինասյանի հարցաքննությամբ այսօր ավարտվեց գործի դատաքննությունը:
Մեղադրողը ժամանակ խնդրեց ճառին պատրաստվելու համար: Դատական նիստը հետաձգվեց մինչև երկուշաբթի:









































