Այսօր՝ հունիսի 4-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է 2018թ. ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը:
Ինչպես նշեց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ ողջ տարին եղել է չափազանց բարդ. «2018թ. միայն անհատական բողոքների թիվը աճել է կրկնակիից ավելի՝ կազմելով 11 հազար, և 5 անգամ աճել է դրական ելքով անհատական բողոքների թիվը»:
Նրա խոսքով՝ ՄԻՊ հաստատության միջազգային հեղինակությունը սրընթաց աճել է:
«2018 թվականը նշանավորվեց մեր երկրի համար պատմական նշանակության իրադարձություններով, որոնք հանգեցրին հիմնարար փոփոխությունների, և ՀՀ քաղաքացին հնարավորություն ստացավ իր կամքի ազատ իրացման շնորհիվ հասնել երկրում սկզբունքային փոփոխությունների: Այդ օրերին Մարդու իրավունքների աշխատանքային խմբերը գործում էին շուրջօրյա գրաֆիկով»,- հայտարարեց Արման Թաթոյանը:
Նրա խոսքով՝ սոցցանցերում առկա անհանդուրժողությունը շարունակվում է մինչ օրս. «Ընդդիմադիրների կարծիքը ընդհանրապես չի հանդուրժվում, նվաստացվում է մարդու արժանապատվությունը և ընդհուպ քարոզվում ատելություն»: Նա լրագրողներին կոչ արեց հեռացնել ատելության խոսք պարունակող մեկնաբանությունները:
Անդրադառնալով կալանքների հարցին՝ ՄԻՊ-ը հայտնեց, որ նույն օրենսդրության պայմաններում պրակտիկան փոխվեց. «Ակնհայտ է, որ սա քաղաքական փոփոխության և քաղաքական դիրքորոշման արդյունք է»:
Արման Թաթոյանն ընդգծեց, որ դատական համակարգում առկա են հրատապ լուծում պահանջող խնդիրներ, այդ թվում՝ կապված դատարանների ներքին և արտաքին անկախության հետ. «Սակայն լուծումներին պետք է հասնել գործող Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան»:
Մանրամասները՝ տեսանյութում:












































