Մի քանի շաբաթ առաջ նույնիսկ եվրոպացիները մեծ ուշադրություն չէին դարձնում ուկրաինական իրադարձությունների վրա, գրում է The Financial Times-ը:
Սակայն այժմ դրանց հետևում է ամբողջ աշխարհը: Ղրիմ ռուսական ներխուժումն ավելի լայն իմաստով դիտարկվում է որպես ուղիղ մարտահրավեր ԱՄՆ կողմից ղեկավարվող համաշխարհային կարգին: Եթե նախագահ Վլադիմիր Պուտինը մարսի դա, ապա այլ կառավարություններ, ինչպիսիք են Չինաստանը և Իրանը, կարող են մտածել, որ ԱՄՆ-ին չհպատակվելը պակաս ռիսկային է դարձել:
Սենատոր Ջոն Մաքքեյնը պնդում է, որ ուկրաինական ճգնաժամը «անօգնական արտաքին քաղաքականության արդյունք է, և ոչ մեկը չի հավատում ԱՄՆ ուժին»:
Այն փաստը, որ Բարաք Օբաման, ըստ երևույթին, բացառել է ուժ կիրառելու հավանականությունը, ոչ թե նրա թուլության ապացույցն է, այլ առողջ բանականության՝ գրում է հոդվածագիրը:
Ուկրաինայի ճգնաժամը նոր դարաշրջանի արտաքին քաղաքականության կանոնների ստուգում է: Ռուսաստանի դեմ ճակատամարտը ունի գլոբալ հետևանքներ, քանի որ պոտենցիալ առումով կարող է հանգեցնել ավելի շատ առճակատման, որը մի հիանալի օր կարող է ծագել Չինաստանի հետ: Սակայն երկարաժամկետ հեռանկարում գլոբալիզացիան ամեն դեպքում աշխատում է հօգուտ Արևմուտքի: Գրավելով Ղրիմը և սպառնալով արևելյան Ուկրաինային՝ Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ, մեկընդմիշտ կվանի ուկրաինացիներին: Միևնույն ժամանակ Արևմուտքը ցույց կտա, որ տնտեսապես և քաղաքականապես ավելի գրավիչ է, քան ռուսական այլընտրանքները՝ ասվում է հոդվածում:








































