Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը վաղուց է հասունացել, մանավանդ որ՝ դրա համար կան բոլոր մոտիվացիաները. համարժեք քայլեր չի կատարվում արտագաղթը կանխելու: Մարտի 11-ին ԱԺ հայտարարությունների ժամին նշեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը:
Նրա խոսքով՝ ակնայտ է, որ միայն կառավարություն փոխելով իրավիճակը երկրում չի փոխվելու, քանի որ որևէ երաշխիք չկա, որ նոր կառավարությունն ավելի լավը կլինի և արդյունավետ կաշխատի: Պատգամավորի համոզմամբ՝ դա պարզապես անհնար է երկրում առկա քրեաօլիգարխիկ պայմաններում, Հայաստանին անհրաժեշտ են արմատական, համակարգային փոփոխություններ, և դրա համար անհրաժեշտ է լայն համախմբում, իսկ առանձին վերցրած՝ որևէ կուսակցություն չի կարող երկիրը դուրս բերել այս իրավիճակից:
Դեմիրճյանի համոզմամբ՝ օրինական իշխանության ձևավորման կարիք կա, ինչը մարդկանց մեջ վաղվա օրվա նկատմամբ հավատի վերականգնում կտա: «Ճգնաժամը հաղթահարելու համար կառավարության հրաժարականն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Անհրաժեշտ է համատեղ ջանքերով արդար ընտրությունների միջոցով հասնել օրինական իշխանության ձևավորման՝ կայուն զարգացում ապահովելու նպատակով: Ժողովուրդը ազատ ընտրությունների միջոցով է իր կամքն իրականացնում»,- ասաց նա:








































