Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ ավարտվել է անչափահաս Շավարշ Զ.-ի գործի դատական քննությունը:
16-ամյա Շավարշը մեղավոր է ճանաչվել համակարգչով զբաղվելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ իր անչափահաս քրոջը խոհանոցային դանակով ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար:
Շավարշը սովորել է մինչև 6-րդ դասարան: Հետո դպրոց չի հաճախել, իր ասելով՝ սովորել չի սիրել:
2009 թվականին մահացել է անչափահասների հայրը: Մոտ երեք տարի է՝ Շավարշը հաճախում է ՀՕՖ-ի՝ երեխաների աջակցության կենտրոն:
Ըստ Շավարշի՝ վերջին շրջանում քույրը՝ 17-ամյա Մարիետան, փոխվել է, դարձել նյարդային:
2013 թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 20-ն անց 30-ի սահմաններում ինքը նստած է եղել համակարգչի առաջ, խաղ է խաղացել:
Մարիետան մոտեցել է ու պահանջել, որ վեր կենա, քանի որ գործեր ունի համակարգչով անելու: Ինքն ասել է, թե 30 րոպեից վեր կկենա:
Դրանից հետո մայրն ու մյուս քույրը դուրս են եկել տնից: Տանը մնացել են ինքն ու Մարիետան:
Ժամը 21-ին Մարիետան նորից է մոտեցել, նորից է պահանջել վեր կենալ համակարգչի մոտից:
Ինքն ասել է՝ 10 րոպեից վեր կկենամ:
Այդ ժամանակ վիճաբանություն է սկսվել իրենց միջև:
Բղավել են իրար վրա: Ինքն ականջակալները դրել է պարանոցին, իսկ Մարիետան արագ վերցրել է դրանք ու գնացել պատշգամբ, որ ցած նետի: Ինքը միանգամից գնացել է նրա հետևից, կծել է նրա այտն ու նրա ձեռքից վերցրել է ականջակալները:
Իրենք նորից են գոռգոռացել:
Մարիետան մտել է խոհանոց, ինքը գնացել է նրա հետևից: Երբ մտել է խոհանոց, տեսել է, որ Մարիետայի ձեռքին կապույտ դանակ կա: Մարիետան բարկացած, առանց մի բառ ասելու եկել է իր վրա:
Ինքը աջ ձեռքով բռնել է դանակը, ոլորել Մարիետայի ձեռքը, դանակը վերցրել նրա ձեռքից ու նույն դանակով հարվածել Մարիետայի թիկունքին՝ ձախ կողմից ուսի հատվածին:
Առաջին հարվածից հետո շատ վախեցած է եղել, անմիջապես երկրորդ անգամն է խփել՝ առաջին հարվածի տեղից մի քիչ վերև:
Մարիետան ընկել է գետնին: Ինքը դանակը գցել է ու զանգահարել մորը: Հետո խուճապահար ցանկացել է զանգել շտապօգնություն: Մոտ հինգ րոպե անց մայրն ու քույրը վերադարձել են: Մարիետային տեղափոխել են հիվանդանոց:
Ինքը քրոջը կյանքից զրկելու ցանկություն չի ունեցել: Ուղղակի հարվածել է: Երկրորդ անգամ էլ երևի բարկությունից է հարվածել: Բայց չի ցանկացել նրան վնասել:
Ինքը կարող էր ուղղակի վերցնել դանակը, բայց քանի որ Մարիետան փորձել էր ցած գցել իր ականջակալները, այդ պատճառով է դանակահարել նրան:
Երբ Մարիետան ընկել է, ինքը սրբիչ է դրել նրա արյունոտ թիկունքին:
Երբ Մարիետան դանակը ձեռքին մոտեցել է, ինքը համոզված է եղել, որ նա իրեն կխփի:
2013 թվականի հունվարին վեճի ժամանակ էլ Մարիետան էր դանակով մի քանի հարված հասցրել իրեն:
Իր աջ դաստակի սալջարդ վերքը ստացել է 2013 թվականի սեպտեմբերի 12-ի վեճի ժամանակ:
Քանի որ Մարիետան իր քույրն է, իրենք հաշտվել են: Վերջին վիճաբանության ժամանակ Մարիետան միայն ճանկռել է իրեն: Ինքը զղջում է կատարածի համար:
Մեկ այլ ցուցմունքում Շավարշն ասել է, թե իր պարանոցի հետին մակերեսին ու կրծքավանդակի աջ կեսին վերքերի հետքերը ավելի վաղ Մարիետայի կողմից են պատճառվել դանակով:
Տուժող Մարիետան հայտնել է, որ երբ ցանկացել է ցած նետել եղբոր ականջակալները, նա կծել է իր այտն ու վերցրել ականջակալները:
Ինքը վերցրել է դանակը, ցանկացել է հարվածել եղբորը: Դանակով քերծել է նրա ուսը, մի անգամ էլ թեթև ծակել է, հետո եղունգներով ճանկռել է: Շավարշն իր ձեռքից վերցրել է դանակը, դրանով հետևից հարվածել է իրեն: Ինքն ընկել է գետնին…
Անչափահասների մայրը հաստատել է, որ մոտ մեկ տարի առաջ էլ Մարիետան էր դանակով հարվածել Շավարշին: Այդ դեպքից հետո ինքը Մարիետային տարել է հոգեբանի մոտ, դրանից բացի, ուղեգիր են տվել նաև հոգեբույժի մոտ գնալու համար:
Մասնագետն ասել է, թե հոր մահից հետո Մարիետան սթրես է տարել, իրենք չեն իմացել, սթրեսը խորացել է: Իրենք վարձակալությամբ են ապրում: Նախկինում ինքը չի կարողացել ընտանիքի կարիքները բավարարել, հիմա մեծ աղջիկն աշխատում է, օգնում իրեն:
Մարիետան ութամյա կրթություն ունի: Նա ցանկացել է դիզայներ դառնալ, բայց այդպես էլ ոչնչով չի զբաղվել:
Տանը համակարգիչ ունեն, որով զբաղվում են հիմնականում Մարիետան ու Շավարշը: Հերթով են նստում համակարգչի մոտ:
Հունվարին Մարիետան դանակով հարվածել էր Շավարշին հեռախոսը լիցքավորելու համար վիճաբանելու ժամանակ:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի մայիսի 21-ի որոշմամբ Շավարշը ազատվել էր գողության համար նախատեսված քրեական պատասխանատվությունից: Նրա նկատմամբ կիրառվել էին դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ՝ նախազգուշացում և վեց ամիս ժամանակով Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքապետարանի աշխատակազմի հսկողությանը հանձնում: Այդ հսկողության չորրորդ ամսում է Շավարշը դանակով հարվածներ հասցրել քրոջը…
Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ Մարիետային պատճառվել են կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի ծակած-կտրած, թափանցող, կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի հարողնաշարային գծով ութերորդ ողի մակարդակով ծակած-կտրած, չթափանցող վերքեր, որոնք առաջացրել են առողջության ծանր վնաս:
Դատարանն ապացուցված է գնահատել, որ Շավարշը քրոջ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս է պատճառել ու մեղավոր է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Ընդհանուր իրավասության դատարանը Շավարշին դատապարտել է 3 տարի ազատազրկման, ապա պայմանական դատապարտություն է կիրառել ու սահմանել 3 տարի փորձաշրջան:









































