Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուսով է մոտ ժամանակներս Բաքվում բանակցություններ վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մայիսի 28-ին նշվող ազգային տոնի առթիվ հղած ուղերձում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Պարո´ն նախագահ, անհամբերությամբ սպասում եմ նոր հանդիպման մոտ ժամանակներս Բաքվում»,- ասվում է շնորհավորական ուղերձում:
Ուղերձում նաև անդրադարձ կա Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Նշվում է, որ Փարիզը հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
«Թույլ տվեք ևս մեկ անգամ ընդգծել Ֆրանսիայի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, վճռական, լիակատար և ոչ կանխակալ հանձնառությունը բանակցային ճանապարհի միջոցով ԼՂ հակամարտությանն ազնիվ և երկարաժամկետ լուծում տալու պարտավորվածությանը»,- գրված է Ֆրանսիայի նախագահի ուղերձում: