«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Սոսո Ցինցաձեն:
-Պարոն Ցինցաձե, Վրաստանը 2008 թ. անցել է նույն ճգնաժամի միջով, ինչ այսօր Ուկրաինան, որը կանգնած է Ղրիմը կորցնելու սպառնալիքի առջև: Որպես 2008-ի պատերազմին հետևած քաղաքագետ՝ այսօր ինչպե՞ս եք գնահատում և տեսնում ուկրաինական իրադարձությունները:
– Այսօր Ուկրաինայում տեղի ունեցողը 2008-ի վրաց-ռուսական պատերազմի սիամական երկվորյակն է: Հիշում եմ, որ 2008 թ. Ռուսաստանը սկսել էր ՌԴ քաղաքացիության անձնագրեր բաժանել Աբխազիայում, այն ժամանակ մենք ևս լսում էինք դեմագոգիական կոչեր՝ իբրև թե պաշտպանելու ՌԴ քաղաքացիներին, և այն ժամանակ ևս Մոսկվայի հրահրմամբ հանրաքվեներ անցկացվեցին, այնպես որ, Մոսկվայի գործողությունները երբեք չեն փայլատակել կրեատիվ նոր ուղղություններով և նոր ռազմավարությամբ: Սկսած Պյոտր 1-ինից է այս քաղաքականությունը Ռուսաստանն ունեցել, միևնույն քաղաքականությունը:
Իսկ ինչ վերաբերում է Ղրիմին, ըստ իս, իհարկե, հանրաքվե տեղի կունենա հայտնի արդյունքով, և այդ ժամանակ կսկսվի ամենահետաքրքիրը, հենց հանրաքվեի ավարտից հետո: Երբ հանրաքվեն կայանա, Պուտինը վետո կդնի, որպեսզի պահպանի իր դեմքն Արևմուտքի առջև և սկսի լայնամասշտաբ բանակցություններ Արևմուտքի հետ: Սա կարող է լինել սցենարներից մեկը: Բայց ես չեմ բացառում նաև այն, որ Պուտինը որոշի գնալ մինչև վերջ և միացնի Ղրիմը Ռուսաստանին, իսկ սա լի է Ռուսաստանի համար տհաճ սցենարներով. ես նկատի ունեմ ոչ միայն Արևմուտքի հետ հարաբերությունները: Հնարավոր է Ռուսաստանը սա ինչ-որ կերպ հաղթահարի։ Պարզապես հիմա, երբ Մոսկվան սկսի կերակրել մուրացկան Ղրիմին, իսկ դա պայմանավորված է մեծ ծախսերով, ՌԴ-ն կձգի՞ արդյոք այդքան ծախսերին: Արդեն չխոսենք այն մասին, որ առանց քաղաքացիական պատերազմի դա հազիվ թե տեղի ունենա:
19-րդ դարում նման ճգնաժամերը սովորաբար ավարտվում էին պատերազմով, բայց հիմա կա միջուկային զենք, որը խոչընդոտում է նման տրամադրություններին, թեև այսօր իրավիճակը պայթյունավտանգ է, որովհետև Ռուսաստանը կարող է ախորժակ ունենալ՝ Աբխազիան կուլ տվեց, Ցխինվալը կուլ տվեց, Մերձդնեստրը, ինչո՞ւ հիմա կուլ չտա Ղրիմը, իսկ դա կլինի միջազգային իրավունքի խախտում, միջազգային համաձայնագրերի, էլ չասած Ուկրաինայի սահմանադրության մասին, աշխարհը չի ընդունի այդ հանրավքեի արդյունքները: Դա հայտնի է ի սկզբանե:
-Մենք տեսնում ենք, որ հետսովետական երկրները տարածքների կորստով են վճարում իրենց անկախության և արտաքին քաղաքական վեկտորն ընտրելու ազատություն ստանալու համար, ինչպես, օրինակ, 2008 թ. Վրաստանը: Ղրի՞մն է Ուկրաինայի գինը:
-Ուկրաինան Վրաստան կամ Մերձդնեստր չէ: Ուկրաինան հզոր եվրոպական երկիր է ուկրաինաբնակ, Ղրիմի խոշոր քաղաքներում նույնիսկ ռուսաստանցիները մեծամասնություն չեն կազմում: Դրա համար է, որ ռուսական հեռուստատեսությունները հիմնականում Սևաստոպոլն են ցույց տալիս, իսկ ինչու՝ որովհետև այնտեղ է տեղակայված Ռուսաստանի ռազմածովային նավատորմը, այնտեղ 20 հազար ռուս ծառայողներ կան, նրանք մեծամասնություն են կազմում, նրանք են լցնում Ղրիմի հրապարակները, Սիմֆերոպոլում, Սևաստոպոլում նրանք ծածանում են ռուսական դրոշները և նրանք առավոտից երեկո ռուսական հեռուստաէկրաններին են:
Ինչ վերաբերում է այլ քաղաքաներին, նույնիսկ հենց Ղրիմին, իրավիճակը միանշանակ չէ, այնտեղ Սիմֆերոպոլում էին բախումները բավական վտանգավոր։ Ինչով այս ավանտյուրան կավարտվի՝ անհայտ է:
-Պարոն Ցինցաձե, արդեն այսօր տեսակետներ կան, որ Ղրիմը կարող է գործիք դառնալ Ռուսաստանի ձեռքում՝ չլուծված հակամարտություն։ Սա ձեռնտո՞ւ չէ արդյոք Ռուսաստանին՝ ունենալ չլուծված հակամարտություն Արևմուտքի դեմ:
-Ռուսաստանն արդեն սովորել է հակամարտությունների ռեժիմով ապրել, մի հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, երկրորդ հակամարտություն Վրաստանի հետ, հիմա արդեն Ուկրաինայի հետ, Մոլդովայի հետ, ու հարցը հենց դա է. ճնշումները Ռուսաստանը կհաղթահարի՞, այսինքն՝ վերահսկել այդ անվերահսկելի գործընթացները և դրանք վերահսկողության տակ պահել: Բայց եթե դրանք մի պայծառ օր սկսեն պայթել, ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի քաղաքականությունը. միաժանակ պատերազմ Կովկասում, Ուկրաինայում, Մոլդովայում, հանկարծ Չինաստանն էլ գուցե հիշի պատմական տարընթերցումները, նույնիսկ Չինաստանը գուցե սկսի իր պահանջները ներկայացնել:
Բայց ես ամեն դեպքում կարծում եմ, որ Պուտինը՝ որպես պրագմատիկ, վետո կդնի հանրաքվեի որոշման վրա և կսկսի բանակցություններ Արևմուտքի հետ: Այս դեպքում Ռուսաստանի առջև մեծ դռներ են բացվում. պահպանել սեփական ազդեցությունը Ղրիմում, ընդլայնել Ղրիմի ինքնավարությունը և պահել Կիևը բարձր ճնշման տակ՝ խաղալով գազի գների և այլ տնտեսական հարցերի վրա: Նամանավանդ երբ Արևմուտքը այնքան էլ չի շտապում գումարներ տրամադրել։ Գումարներ են խոստացել, բայց դրանից հետո տեղի կունենան ցավալի բարեփոխումներ։ Սակայն դրանք կարող են իրականացնել նոր իշխանությունները՝ ընտրվելուն պես, իսկ այդ ընթացքում գուցե Կիևում հայտնվեն նոր իշխանություններ:
-Արևմուտքի արձագանքն ինչպիսի՞ն պետք է լինի, վիզային պատժամիջոցների մասին խոսակցությունները լո՞ւրջ են արդյոք:
-Եթե լինեին Ռեգանի ժամանակները, ապա այդ ժամանակ արձագանքը շատ ավելի կտրուկ կլիներ, բայց ներկայիս Արևմուտքն այն Արևմուտքը չէ։ Արևմուտքն ինքն ուրախ է ազատվել այդ խնդրից քիչ կորուստներով: Նրանք կոչերով հանդես կգան՝ ուղղված Կիևին, որպեսզի գիտակից լինեն ու լեզու գտնեն ռուսների հետ, իսկ Ղրիմը կմնա Ռուսաստանի փաստացի վերահսկողության ներքո, բայց ֆորմալ կերպով Ուկրաինայի կազմում:
-Այսօր սպառնալիքի տակ է ողջ տարածաշրջանը: Ինչի՞ց պետք է զգուշանա Հայաստանը, որն ունի ԼՂ հակամարտություն: Կան կարծիքներ, որ ինչպես Աբխազիայում, Ղրիմում, այնպես էլ Ղարաբաղում մի օր ՌԴ-ն գուցե սկսի անձնագրեր բաժանել:
-Ես գիտեմ, որ Հայաստանում շատ են լավ քաղաքագետները, որպեսզի խոսեն այդ մասին: Որպես բարին ցանկացող քաղաքագետ, ինձ չի կարող չանհանգստացնել, որ ոլորված ձեռքերով Հայաստանը գնում է ՄՄ, Եվրասիական միություն, քանի որ թունելի վերջում սուվերենության վերջնական կորուստն է:










































