«Ուկրաինական ճգնաժամի պատճառով առաջացող ռուս-ամերիկյան տարընթերցումները կարող են նաև կաթվածահար անել Մինսկի խմբի աշխատանքները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը՝ անդրադառնալով Ղրիմը Ղարաբաղյան հակամարտության համար նախադեպ դիտարկելու տեսակետներին:
Նա նշեց, որ չարժե ժամանակից առաջ ընկնել՝ Ուկրաինայում ծավալվող գործընթացները դեռ նոր են թափ հավաքում: Ըստ էության, ԱՄՆ-ն և Ռուսաստանը համատեղ ջանքերով քաղաքացիական պատերազմի շեմին են հասցրել այդ երկիրը՝ նպաստելով դրա ներսում կասկածելի լեգիտիմություն ունեցող երկու մրցակից բևեռների առաջացմանը: Ըստ նրա՝ այդ գերուժերից մեկը ճանաչել է Մայդանի գոյավորած նոր իշխանության իրավաչափությունը, իսկ մյուսը՝ գտնում է, որ Յանուկովիչն է երկրի օրինական նախագահը, ինչն այդ ներքին հակամարտության մեջ ներգրավված կողմերին իրավունք է տալիս նաև ուժի միջոցով փորձել հաստատել սեփական իշխանությունը Ուկրաինայի ողջ տարածքում:
«Չեմ կարծում, որ մենք այս պահին պետք է կտրուկ և միակողմանի որոշումներ կայացնենք առանձին հենց Ղրիմի մասով, սակայն պետք է պատրաստ լինենք հստակեցնել մեր մոտեցումները մոտակա չորս-հինգ ամիսների ընթացքում՝ ռազմաքաղաքական իրավիճակը մեզ հարող տարածաշրջաններում գնալով ապակայունանում է, և պետք է շատ շրջահայաց ու հետևողական լինենք սպառնալիքների գնահատման ու դրանց հաղթահարման ապահովման մասով»,- նշեց Արման Մելիքյանը:
Վերջինս չբացառեց, որ ուկրաինական ճգնաժամի պատճառով առաջացող ռուս-ամերիկյան տարընթերցումները կարող են նաև կաթվածահար անել Մինսկի խմբի աշխատանքները:












































