Ղրիմում շարունակվում է Ռուսաստանի 2008-յան ագրեսիան, որը պետք է սանձի Արևմուտքը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց թբիլիսյան Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Գելա Վասաձեն՝ անդրադառնալով Արևմուտքի և Ռուսաստանի դիմակայությանն ու անվտանգության նոր համակարգերի ձևավորման անհրաժեշտությանը:
Նա նախ նշեց, որ Ռուսաստանը շարունակում է իր էքսպանսիոն քաղաքականությունը, և այն, ինչ այսօր իրականացնում է Ղրիմում, 2008թ. վրացական պատերազմի շարունակությունն է: Ըստ փորձագետի՝ Ռուսաստանը շարունակում է խախտել միջազգային իրավունքի սկզբունքները՝ արձանագրելով ներխուժում Ղրիմ և ռազմական միջամտություն:
«Ինչո՞ւ են Կրեմլն ու Վլադիմիր Պուտինն այդպես վարվում՝ ինձ համար անհասկանալի է, քանի որ այստեղ գործում է պատճառների մի ամբողջ համակարգ: Ես չէի բացառի նույնիսկ ՌԴ ղեկավարի սուբյեկտիվ գործոնը, որը պարզապես չի սիրում պարտվել. նա ստիպեց Յանուկովիչին հրաժարվել եվրոպական ընտրությունից, իսկ ժողովուրդը դեմ գնաց՝ ասելով «ոչ» Ռուսաստանին և ասելով «այո» եվրոպական ընտրությանը, որն էլ չներեց Վլադիմիր Պուտինը: Ռացիոնալ բացատրություն այն ամենին, ինչ տեղի է ունենում չկա. սա վախ է սեփական ժողովրդի և սեփական հնարավոր Մայդանի առջև: Այլ բացատրություն ես չունեմ:»,- նշեց նա:
Քաղաքագետի կարծիքով՝ Ղրիմի իրադարձությունները բացահայտեցին, որ ամբողջ ռուսական պրոպագանդան հիմնված է տոտալ կեղծիքի վրա. ի տարբերություն 2008թ.՝ այսօր ինտերնետն ու սոցիալական ցանցերն ավելի զարգացած են, ամբողջ ինֆորմացիան հասանելի է, և այլևս բարդ է դառնում ստելը: Նա հիշեցրեց, որ 2008թ. վրացական պատերազմի ժամանակ պրոպագանդային մի մեմ շրջանառության մեջ դրվեց 2000 օսերի մասին, հիմա նրանց փոխարինում են 600 հազար փախստականները Ղրիմում, բայց սա պարզապես առիթ է պատերազմ սկսելու համար: Ե՛վ Վրաստանում ռազմական գործողություններ սկսելիս, և՞ Ղրիմում ռազմական ակտիվություն ձեռնարկելիս ՌԴ-ն փորձում է պատճառաբանություններ հորինել»,- նշեց փորձագետը:
Գելա Վասաձեն ասաց, որ այսօր ոչ միայն բոլոր հետխորհրդային երկրները, այլև Էստոնիան և Լեհաստանն են սպառնալիքի տակ: Ուստի, նրա համոզմամբ, եթե այսօր Արևմուտքը չկանգնեցնի կրեմլյան ագրեսիան, հաջորդ թիրախներն արդեն պարզ են լինելու, որի պարագայում ՆԱՏՕ-ն ևս չի փրկի:
«Երբ Վրաստանում պատերազմ էր ընթանում, և խոսակցություններ կային, որ հաջորդն Ուկրաինան է լինելու, շատերը ծիծաղում էին: Այսօր դա արդեն իրականություն է: Եթե Արևմուտքը չկանգնեցնի Ռուսաստանի ագրեսիան Ղրիմում, ապա հաջորդը կարող են լինել Բալթյան երկրներն ու Լեհաստանը:
Արևմուտքը պետք է բոլոր գործիքներն օգտագործի, որպեսզի ցույց տա Ռուսաստանին, որ չի համակերպվելու նման վերաբերմունքի հետ: Արդեն հիմա Արևմուտքի արձագանքը բավականին կտրուկ էր, եթե այդպիսին չլիներ, ՌԴ-ն պատրաստ էր ներխուժել Խարկով, Դոնբաս, Օդեսա: Այսինքն՝ 1935թ. Գերմանիայի ու Ավստրիայի անշլյուսը ուղիղ անալոգն է այն ամենի, ինչ հիմա է տեղի ունենում: Հիմա մենք անշլյուսի փորձի հետ գործ ունենք: Հարց է՝ արևմտյան ներկայիս առաջնորդները կսերտե՞ն արդյոք անցյալի դասերը»,- նշեց Գելա Վասաձեն`ընդգծելով, որ այս իրավիճակում Արևմուտքը պետք է կենտրոնանա տարածաշրջանում անվտանգության համակարգերի դիվերսիֆիկացիայի վրա՝ միևնույն ժամանակ խորացնելով ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունները:









































