Մշակութային ժառանգության հանդեպ հոգածությունը ոչ միայն պետության խնդիրն է, այլև հասարակության: Մարտի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց հնագետ Համլետ Պետրոսյանը:
«Եթե մեզ այսօր հուզող հարցերին ինչ-որ պատասխաններ է այն տալիս, ապա, բնականաբար, այդ ժառանգության նկատմամբ ուշադրությունն ավելի կբարձրանա: Մենք սովորաբար մշակութային ժառանգության մասին խոսելիս նկատի ենք ունենում բացօթյա կամ անշարժ հուշարձանները, այնինչ իրականում այդ ժառանգության մի կարևոր հատվածն ու բաղադրիչը ոչ նյութական մշակութային ժառանգության շերտն է՝ պատկերացումներ, ծեսեր, սովորույթներ և այլն: Մեզանում կարծես թե մի մտայնություն կա՝ մշակութային ժառանգության տերը պետությունն է, և պատասխանատվությունն ամբողջովին նրան է պատկանում»,- ասաց նա՝ հավելելով, որ դա իրականում ցույց է տալիս, թե ճանապարհն իրականից ինչ չափով է շեղված:
Պետրոսյանի խոսքով՝ այսօր եթե Հայաստանի պետական կառույցները բյուջեի հնարավորության սահմաններում աշխատեն, ի վիճակի չեն պահպանել: Հնագետը նկատեց՝ Հայաստանում գրանցված 30 հազարից ավել խաչքար կա, և հարց է առաջանում՝ պետությունը կարո՞ղ է ամեն մի հուշարձանի վրա մի պահակ դնել: Բանախոսը համոզմունք հայտնեց՝ մշակութային ժառանգությունը պատկանում է հասարակությանը, այն պահպանելու, օգտագործելու, դերակատարումը բարձրացնելու լծակներն էլ պիտի պատկանեն հասարակությանը: Գառնիի օրինակն առաջին դեպքն է, երբ համայնքը փորձում է ինքնուրույն դերակատարություն ստանձնել: Հնագետը կարևորեց այդ լծակների տեղափոխումը դեպի համայնքներ և հասարակական կազմակերպություններ, որ կարող են պետությունից էլ ֆինանսավորում ստանալ, ինչպես նաև վերահսկողի դեր ստանձնել:
Պետրոսյանը դրական համարեց Հայաստանում վերջին շրջանում ակտիվացած հասարակական շարժումները, որոնք մեծ դեր են խաղում ժառանգության պահպանման գործում, նա մատնանշեց Փակ շուկայի համար տարվող պայքարը, ընդգծեց՝ այն պետք է ընկալվի ոչ թե ընդդեմ շարժում, չհասկանալու խնդիր, այլ իբրև հասարակության շահագրգիռ վերաբերմունք: Նա ցավով նշեց, որ պետական շատ կառույցներ որոշակի մասնավորեցված, օլիգարխացված են, մարդիկ իրենց տնօրինության տակ գտնվող պետական միջոցները համարում են սեփական շահերին հասնելու ինչ-ինչ գործիքներ:











































