Մեծ Բրիտանիայում զորամասի հրամանատարն արգելել է զինծառայողներին բուտերբրոդներ վաճառելն այն բանից հետո, երբ տեսել է, որ սպաները դրանք ուտում են առանց սեղանի պարագաների: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Պարբերականի տվյալներով՝ գեներալ-մայոր Ջեյմս Քոուենը 3-էջանոց նամակ է գրել, որում քննադատել է Ուիլթշիր կոմսության Bulford Camp զինվորական ճամբարի չափորոշիչները:
Քոուենը գրել է, որ անհրաժեշտ է դադարեցնել զինծառայողներին բուտերբրոդներ վաճառելու պրակտիկան:
«Պարոններն ու տիկնայք միշտ կիրառում են դանակ և պատառաքաղ»,- հայտարարել է գեներալը՝ հավելելով, որ անընդունելի է համարում սեղանի պիտույքները որպես գրասենյակային գրիչ պահելը:
Հաղորդվում է, որ նամակը ներառել է նաև մի շարք խորհուրդներ, որոնք վերաբերում են նիստուկացի կանոններին և այլ թեմաների, այդ թվում՝ քերականությանն ու ամուսնությանը:











































