ԱՄՆ-ը կարծում է, որ Ղրիմ ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ դիտորդների այցը թույլ կտա ելք գտնել Ուկրաինայում ստեղծված դրությունից: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնիին:
«Ռուսաստանը հեշտ ելք ունի: Նա ուղղակի պետք է աջակցի Ղրիմ ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ դիտորդների ժամանումը, ովքեր կկարողանային տեղում անկախ գնահատական տալ իրադրությանը, գնահատել էթնիկ ռուսների կարգավիճակը և վստահ լինել, որ նրանց իրավունքները պաշտպանված են: Մենք և շատերը հստակ խոսել ենք այն մասին, որ Ուկրաինայի կառավարությունը պետք է ապահովի երկրի բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը»,- ասել է Քարնին:











































