Վերջերս մի խումբ մտավորականներ Ազգային ժողովի նախագահին և վարչապետին ուղղված բաց նամակ են փոխանցել, որտեղ ահազանգում են, որ Հայաստանից արտագաղթը վեր է ածվում տնտեսական և ազգային աղետի: Բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք կոչ են անում, որ ԱԺ-ում քննարկվի այս հարցը և երկու հակադիր կողմերի մասնակցությամբ լսումներ անցկացվեն:
«Մի շարք խնդիրներից զատ, սա քաղաքական խնդիր է այն առումով, որ մեր համակարգը այնպիսին է, որ օրենքի ուժը չի գործում, այլ գործում է ուժի օրենքը, և սա է, որ հիմնականում դուրս է մղում մարդկանց»,- ասաց Կարինե Դանիելյանը: Իսկ նախաձեռնությանը, նրանից բացի, միացել են նկարիչների, ճարտարապետների, կոմպոզիտորների , գրողների միության նախագահները և գիտության ոլորտի ևս 4 մտավորականներ:








































