«Եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, մենք կունենայինք բոլորովի այլ Հայաստան, որովհետև Վազգենն իր մեջ խտացրել էր Հայաստանի բոլոր հնարավոր ուժը, բոլոր բնագավառներում: Միայն տարածաշրջանային առաջընթաց չէ, որ Հայաստանը կունենար: Երբ Վազգենն ասում էր, որ 21-րդ դարը մերն է լինելու, ինքը հավատում էր դրան, և այդ հավատը փոխանցում էր մնացած բոլորին»,- այսօր «Եռաբլուրում» «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, «Ժողովրդավարության, անվտանգության զարգացման հայկական կենտրոն» կազմակերպության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը:
Ըստ նրա՝ եթե սպարապետը ողջ լիներ, բնականաբար այսօրվա իշխանությունների ղեկին չէին լինի նրանք, ովքեր կան: «Եթե Վազգենը ողջ լիներ, իշխանության ղեկին արժեհամակարգի շուրջ համախմբված մարդիկ պետք է լինեին: Վազգենն ինքը արժեքները բարձրացնող ղեկավար էր, պետական գործիչ էր: Այն խաբկանքները, որոնք այսօր իրականացվում են մեր երկրում իշխանություն ներկայացնող տարբեր ուժերի կողմից, այդպիսի բան պարզապես պատկերացնել չէր լինի»,- նկատեց Քոչարյանը:
Վերջինս չցանկացավ անդրադառնալ ՀԱԿ-ի՝ օրերս կազմակերպած հանրահավաքում ՀԱԿ առաջնորդի հնչեցրած ուշագրավ դիտարկումներին, Գագիկ Ծառուկյանին ընդդիմության առաջնորդ դարձնելու թեզին: «Այդ հարցին պատասխանելը իմ կողմից կլիներ անհեթեթություն, որովհետև այսօր մենք խոսում ենք Վազգեն Սարգսյանի մասին, նրա թողած ժառանգության մասին, և այսօր խոսել այնպիսի բաներից, որոնք հեռու են արժեհամակարգից, պարզապես անիմաստ է»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Վերջինս անդրադառնալով Մարտի 1-ի նոր հանձնաժողով ստեղծելու խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությանը՝ ասաց, որ նախ այդպիսի հանձնաժողով չի ստեղծվի, իսկ եթե ստեղծվի էլ, ինքը հույս չի կապում այդ հանձնաժողովի հետ, քանի որ գիտի, թե ինչ նպատակներ են հետապնդվում: «Այն խնդիրը, որը պետք է լուծի այդ հանձնաժողովը, ըստ էության չի կարող լուծել, քանի որ դրա համար բոլորովին այլ Հայաստան է պետք: …Այնպիսի Հայաստան, ինչպիսին Վազգենն էր ուզում, կբացառեր մարտի մեկերը»,- նկատեց Ա. Քոչարյանը՝ հավելելով, որ իր համար առավել կարևոր է, որ եթե այդ հանձնաժողովը չստեղծվի, ինչ քայլեր են այսօր իրենց ընդդիմություն հռչակած ուժերը առաջարկելու մեր հասարակությանը: «Այ այդ քայլերից կերևա, թե իրենք իրակա՞ն ընդդիմություն են, թե՞ պարզապես Մարտի 1-ը դարձել է բոլորի շահարկման թեման»:








































