2008-ի համեմատ 2013-ին հեռահաղորդակցության ոլորտի հասույթը դրամով աճել է 7%-ով: Այս եզրակացությանն են եկել «Ամերիա» խորհրդատվական ընկերության աշխատակիցները՝ ոլորտի ուսումնասիրության ժամանակ:
Ուսումնասիրության համառոտ արդյունքները այսօր ներկայացրեց ընկերության աշխատակից Հայկազ Ֆանյանը: Նրա խոսքով՝ հասույթի մեջ 2008-ի համեմատ կրճատվել է լարային հեռախոսակապի բաժինը, նույնն է մնացել բջջային հեռախոսակապի ոլորտինը և աճել է ինտերնետային ծառայությունների բաժինը: Դինամիկ զարգացում (4 անգամ աճ) է ապրում նաև մալուխային հեռուստատեսային համակարգերի սպասարկման և շահագործման ծառայությունների շուկան: Երևանցիների 43.3 տոկոսն օգտվում է վճարովի հեռուստատեսային ծառայություններից:
Բջջային հեռախոսակապի ծառայությունների շուկան, հետազոտության համաձայն, մրցակցային է. առաջատար ընկերության բաժինը 4 անգամ մեծ է երրորդ տեղն զբաղեցնողի բաժնից: Հարցվածների 10 տոկոսը ցանկություն է հայտնել փոխել օպերատորին՝ պահպանելով ամբողջական համարը, ինչը բավականին բարձր ցուցանիշ է այլ երկրների համեմատությամբ: Եվ եթե նման հնարավորություն լինի, օպերատորների քաղաքականության շնորհիվ այդ ցուցանիշը կարող է աճել:
Ամբողջական հետազոտությունը կարելի է ձեռք բերել «Ամերիա» խորհրդատվական ընկերությունից՝ 1.2 մլն դրամ արժեքով (ներառյալ հարկերը):







































