«Նաիրիտ» գործարանը կարող է դառնալ Տիգրան Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան երկրորդ բուռն բանավեճի թեման: Հատկապես որ «Դաշնակցություն» խմբակցությունը «Նաիրիտի» գործունեությունն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծ էր ներկայացրել ու այդպիսով թեման թեժ էր պահում:
Ճիշտ է, խորհրդարանական մեծամասնությունը՝ «Հանրապետական» խմբակցությունն «Օրինաց երկրի» հետ միասին դեմ քվեարկեց ու տապալեց այն, բայց հատկապես «Դաշնակցություն» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններն այդ քննարկումների ժամանակ ևս մեկ անգամ հնարավորություն ունեցան քննադատել գործող իշխանություններին ու հատկապես Տ. Սարգսյանին: Սակայն զարմանալի կերպով այդ նույն խմբակցություններն իրենց այդ քննարկումների ու քննադատությունների օրերին՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Նաիրիտին» վերաբերող որևէ հարց չուղղեցին զբաղեցրած պաշտոնի բերումով իրենց քննադատության թիրախ դարձած Տ. Սարգսյանին: Մինչդեռ տրամաբանական կլիներ, որ այդ խմբակցություններն հարցուպատասխանի ժամանակ «Նաիրիտի» խնդիրներով հարցախեղդ անեին նրան ու այսպես ասած՝ առաջին ձեռքից ստանային իրենց հուզող հարցերի պատասխանը և ոչ թե միայն հռետորական հարցադրումներ ու քննադատություններ հնչեցնեին:
Դա հավանաբար ցանկալի կլիներ նաև Տ. Սարգսյանի համար, սակայն ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն նրան չտվեցին իրենց քննադատություններին ու հարցադրումներին պատասխանելու հաճույքը: Բայց քանի որ այդ հարցը արդիական էր վերը նշված նախագծի պատճառով, դրսում լրագրողները դրան անդրադարձան: Այստեղ արդեն հետաքրքիր էր «Նաիրիտին» վերաբերող Տ. Սարգսյանի պատասխանը: «Չինաստանի հետ կապված պայմանագրին կառավարությունը հավանություն է տվել 2000թ., բանակցությունները սկսվել են 1999թ., պայմանագիրը ստորագրվել է 2002թ., իսկ հոսքագիծը տեղափոխվել է Չինաստան 2005թ.: Եվ ակնհայտ է, որ այդ մեղադրանքները, որոնք կապում էին իմ անձի հետ, իմ եղբայրների հետ, անհիմն են, շինծու են և սուտ: Այս փաստերը պարզելու համար հանձնաժողով ստեղծել պետք չէ, որովհետև այս որոշումները տեղադրված են մեր կայքում, և եթե մեր պատգամավորները ցանկություն ունեն, կարող են այդ բոլոր որոշումների հետ ծանոթանալ: Այս որոշումներն ընդունել են այն մարդիկ, ովքեր նստած են այս դահլիճում և քաջատեղյակ են, թե ինչու է կառավարությունը 2000թ. պայմանագիր ստորագրել չինացիների հետ համատեղ ձեռնարկություն ստեղծելու համար, ինչու է կառավարությունը 2002թ. հավանություն տվել այդ պայմանագրին և ինչու են ստեղծել այդ համատեղ ձեռնարկությունը: Իսկ 2006թ. կառավարությունը որոշել է «Նաիրիտի» բաժնետոմսերը հանձնել «Ռայնովիլին», և այդ որոշումը վավերացվել է նախագահի կողմից»,- հայտարարել էր Տ. Սարգսյանը:
Վերը նշված բոլոր տարեթվերը, ինչպես տեսնում ենք, վերաբերում են Ռ. Քոչարյանի պաշտոնավարման շրջանին, ընդ որում՝ սկզբից մինչև վերջ: Եվ իր այս հայտարարությամբ Տ. Սարգսյանը կարծես թե ասում է, որ «Նաիրիտի» հետ կապված այդ բոլոր գործարքներն արել է հենց Ռ. Քոչարյանը: Ճիշտ է, Չինաստանի հետ և մյուս բոլոր գործարքները նախ կառավարության որոշումներով են տեղի ունեցել, այդ գործարքների ժամանակ երբեմն հանդես է եկել այն ժամանակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, բայց միամիտ կլիներ մտածել, թե «Նաիրիտի» նման հզոր գործարանի դեպքում Ռ. Քոչարյանը թույլ կտար որևէ այլ պաշտոնյա որոշիչ կարծիք ունենար: Բացի այդ, ծանոթ լինելով նախկին նախագահի աշխատաոճին՝ կարելի է համոզված լինել, որ նա նույնպես խոշոր գործարքների դեպքում միանձնյա էր որոշում կայացնում, հատկապես, որ դրանց արդյունքում խոշոր գումարներ էին շրջանառվում: Իսկ վարչապետը կամ որևէ նախարար այդ հարցում ընդամենը գործարքի պաշտոնական տեսքն ապահովող անձ է եղել: Իսկ Ռ. Քոչարյանին «Նաիրիտի» կամ այլ հարցով վտանգավոր է անդրադառնալ, քանի որ նախկին նախագահն իր նկատմամբ քննադատությունները ցավոտ է տանում ու երբեմն լրատվամիջոցներին դատի է տալիս ու միլիոնավոր դրամներ ստանում: Այդ պատճառով էլ զգուշավորություն կցուցաբերենք նրան անդրադառնալիս:
Անշուշտ, «Նաիրիտի» ու Ռ. Քոչարյանի այս կապին հրաշալի տեղյակ են նրա քաղաքական հենարանը հանդիսացող ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, այդ պատճառով էլ ուղիղ Տ. Սարգսյանին հարցեր չեն տալիս, որ նա էլ ներկայացնի վերը նշված տարեթվերը: Սակայն այս քննարկումների հետ կապված մի կարևոր հարց էլ կա՝ Տ. Սարգսյանի վերը նշված հայտարարությունից հետո սպասելի էր, որ Ռ. Քոչարյանն այս հարցով էլ նրան կպատասխանի: Բայց այդ պատասխանը ուշանում է կամ ընդհանրապես չի լինի: Հետաքրքիր է, եթե նախկին նախագահը որոշի անդրադառնալ, ի՞նչ է ասելու: Ասելու է` ոչ, ես կապ չունե՞մ «Նաիրիտին» առնչվող գործարքների հետ, և որ Տ. Սարգսյանը սխալ տեղեկատվություն է տվել: Դժվար թե: հետաքրքիր է նաև, որ նախկին նախագահին ու իրենց ուղղված այդ հայտարարությանը չպատասխանեցին նաև ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն:
Տնտեսության մեջ շինարարական փուչիկի հետ կապված հայտարարության ժամանակ Ռ. Քոչարյանը կարող էր հակադարձել, քանի որ այդ դեպքում ժամանակին ապահովել էր իր համար նպաստավոր պաշտոնական վիճակագրությունը: «Նաիրիտի» դեպքում նշվել են սոսկ տարեթվեր, որոնց հետ կապված փաստաթղթերն ու վիճակագրությունը հակառակն են ապացուցում: Ապացուցում են, որ գործարանի հետ կապված բոլոր գործարքները տեղի են ունեցել նախկին նախագահի օրոք ու նրա հսկողության արդյունքում: Թեև Ռ. Քոչարյանի խառնվածքը կարող է թույլ չտալ, որ չպատասխանի իրեն ու իր ազդեցության տակ գտնվող այս ուժերին ուղղված հայտարարությանը: Այնպես որ, չի բացառվում, որ նախկին նախագահի ոչ պաշտոնական կայքը վաղը նրա հետ նաև «Նաիրիտին» վերաբերող հարցազրույց հրապարակի:







































