«168 Ժամ»-ը գրում է. «Ռուսաստանը փաստացի պատերազմ է հայտարարել Ուկրաինային, ռուսական զորքը ժամ առ ժամ ավելանում է Ղրիմում, և ցանկացած պահի Պուտինը կարող է կիրառել Դաշնային խորհրդի կողմից իրեն տրված իրավունքը՝ Ղրիմում ռազմական գործողություններ սկսելու մասին: Միջազգային հանրությունը փորձում է պատերազմի սպառնալիքը կանխել առայժմ դիվանագիտական ճանապարհով՝ այդ թվում սպառնալով ոչ միայն ռազմական աջակցություն ցույց տալ Ուկրաինային, այլ նաև քաղաքական ու տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ: Չնայած դեռևս որևէ կոնկրետ պատժամիջոց չի կիրառվել, սակայն ռուսական տնտեսությունն արդեն իսկ արձագանքել է տեղի ունեցող գործընթացներին. երեկ ռուսական ռուբլին շարունակել է արժեզրկվել, արժեզրկվել են նաև ռուսական խոշորագույն կորպորացիաների («Գազպրոմ», «Սբերբանկ», «Ռոսնեֆտ» և այն) բաժնետոմսերը, արժեթղթերի շուկայի խաղացողները խուճապի մեջ են: Սրանք ընդամենն առաջին աշխատանքային օրվա արդյունքներն են:
Դժվար չէ պատկերացնել, թե ինչ տեղի կունենա Ռուսաստանի տնտեսության հետ, եթե, Աստված մի արասցե, Ղրիմում ռազմական գործություններ սկսվեն. այդ գործողությունների յուրաքանչյուր օրն էլ ավելի կմոտեցնի ռուսական տնտեսության կոլապսը: Այս իրադարձությունները Հայաստանի վրա կարող են կործանարար հետևանքներ ունենալ` ինչպես քաղաքական, այնպես էլ` տնտեսական առումով:
Մինչ աշխարհի երկրների մեծամասնությունը դատապարտում է ինքնիշխան Ուկրաինայի նկատմամբ ռուսական ագրեսիայի ակտը (անգամ Չինաստանը, շատերի համար անսպասելիորեն, երեկ հանդես եկավ նման հայտարարությամբ), Հայաստանը շարունակում է ջայլամային քաղաքականությունը՝ բառի բուն իմաստով: Պաշտոնական Երևանը մինչև օրս որևէ դիրքորոշում չի հայտնել ոչ միայն Ուկրաինայի նոր իշխանությունների վերաբերյալ (չհաշված, իհարկե, իշխող ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանի հայտարարությունը, որ ինքն Ուկրաինայի լեգիտիմ նապագահ է ճանաչում Վիկտոր Յանուկովիչին), այլ նաև այդ երկրի դեմ Ռուսաստանի կողմից ռազմական ագրեսիայի առնչությամբ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։









































