Այսօր Երևանում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) միջև կնքված «Հարավկովկասյան զբոսաշրջության զարգացման նախաձեռնության մասին» փոխըմբռնման հուշագրի շրջանակներում հուլիսի 8-9-ը Հայաստան կայցելեն ԶՀԿ ներկայացուցիչները` հետազոտություններ կատարելու, իսկ դրանից հետո կգան կամավորների խմբեր, որոնք Հայաստանում և Վրաստանում կուսումնասիրեն ու կբացահայտեն զբոսաշրջային ռեսուրսներ, որոնք կարող են ընդգրկվել տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթներում: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
«Մրցունակ լինելու համար պետք է տարածաշրջանային փաթեթներ մշակել: Երբ հեռավոր երկրներից գալիս են տարածաշրջան, զբոսաշրջիկները գերադասում են միայն 1 երկիր չայցելել, այլ նաև Իրան, Վրաստան, Թուրքիա, ապագայում, եթե կմասնակցի, նաև Ադրբեջան»,- ասաց Մ.Ապրեսյանը:
Նրա խոսքով՝ անցած 10 տարիների ընթացքում Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն ավելացել է շուրջ 15 անգամ, մեր երկրում ենթակառուցվածքների առումով բավական առաջընթաց է արձանագրվել՝ ճանապարհների բարեկարգում, նոր օդանավակայան, հյուրանոցներ: ՀՀ-ում 2000 թ. ընդամենը 2-3 հյուրանոց կար, որ կարող էին զբոսաշրջիկ ընդունել, այն էլ՝ Երևանում, իսկ այսօր` ավելի քան 80 հյուրանոց, որոնց կեսը՝ մարզերում:
«Որքան երկիրը ճանաչելի է դառնում շուկայում, այնքան, բնականաբար, շատ զբոսաշրջիկ է գալիս: 3-4 տարի առաջ ՀՀ այցելող զբոսաշրջիկների մոտ 60 տոկոսը սփյուռքահայերն էին, սակայն միտումն այնպիսին է, որ օտարերկրացիների համար մեր երկիրը գնալով ավելի հետաքրքիր է դառնում, և նրանց թիվն ավելանում է»,- նշեց Մ. Ապրեսյանը:








































