Aravot.am-ի փոխանցմամբ՝ Գորիսի 1992-1994թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ, Սամվել Հարությունյանը դատի է տվել ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին և ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:
Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պարոն Հարությունյանը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազի և ՀՔԾ պետի անգործությունը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա «բանդայի» կողմից մի շարք հանցագործությունների մասին իր հրապարակումների հիման վրա քրեական գործ չհարուցելու վերաբերյալ:
«Իմ մի քանի տասնյակ հրապարակումները ներկայացրել են մեր ժամանակների արտասովոր ոճրագործ Սուրիկ Խաչատրյանի` տխրահռչակ Լիսկայի և նրա բանդայի կատարած բազմաթիվ հանցագործությունները, որոնց մեծ մասը առանձնակի ծանրության հանցագործություններ են, ճչացող փաստ- ապացույցներ:
Հերթական անգամ հայտարարում եմ` Հայաստանի իրավապահ համակարգի ղեկավարները Լիսկայի արտասովոր քրեական ընթացքի մասին իմ կողմից հրապարակված ավելի քան 60 փաստ-ապացույցի նկատմամբ շարունակում են դրսևորել հանցավոր անգործություն` դրանով դառնալով մեր ժամանակի հակահերոսի կատարած առանձնակի ծանրության բազում ոճիրների մեղսակից»,- Aravot.am-ին ասել է պարոն Հարությունյանը:
Պարոն Հարությունյանի բողոքի քննությունը Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մարտի 5-ին 14.30-ին է նշանակված:
Մանրամասները՝ aravot.am-ում








































