Օրեր առաջ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Հայաստանից փախչող նախկին պաշտոնյաների կամ պատգամավորների խնդրին, որոնք արտերկրում, մասնավորապես՝ Ռուսաստանում հայցում են պաշտպանություն և ընդհուպ քաղապաստան, վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ նրանց վերադարձնելու հարցում կա մի էական հանգամանք՝ այլ երկրի քաղաքացի լինելը, որի դեպքում այդ երկիրը չի արտահանձնում տվյալ պաշտոնյաներին, քանի որ դա արգելված է հենց այդ երկրի օրենքով: Մյուս կողմից՝ այդ հանգամանքը, թերևս, պետք է ինքնին առաջադրանք լինի Հայաստանի իրավապահներին՝ շտապ կարգով պարզել, թե Հայաստանի նախկին իշխանությունը ներկայացնող պաշտոնյաները, պատգամավորները կամ ֆորմալ պաշտոնեական կարգավիճակ չունեցած, բայց առանցքային դեմք եղած անձինք, Հայաստանի քաղաքացիությունից բացի, ուրիշ ո՞ր երկրի քաղաքացի են: Այլ կերպ ասած՝ խոսքն առնվազն մասնակի լյուստրացիայի մասին է, թեև ավելի շատ պայմանական լյուստրացիայի, որովհետև խոսքը ոչ թե ինչ-որ գաղտնի տվյալներ ստանալու մասին է, այլ պարզապես Հայաստանում բարձր պաշտոն զբաղեցրած կամ տնտեսաքաղաքական գործունեություն ծավալած անձանց քաղաքացիական պատկանելության «ամբողջ սպեկտրի»:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ եթե երկքաղաքացին երբևէ զբաղեցրել է այնպիսի պետական պաշտոն, որի համար ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված է միայն ՀՀ քաղաքացիություն, կոնկրետ պատգամավորի պաշտոնի համար, ուրեմն այստեղ իրավապահ մարմինները և ընտրական գործընթացի նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող ԿԸՀ-ն անելիք ունեն: «Բայց ես այն կարծիքին չեմ, որ որևէ երկիր, որը Հայաստանի հետ իրականում ունի բարիդրացիական հարաբերություններ, կփչացնի միջպետական հարաբերությունները՝ Հայաստանից փախած հանցագործներին ապաստան տալով: Նախ՝ չպետք է թույլատրվեր, երկքաղաքացի լինելով, զբաղեցնել պետական պաշտոն, և երկրորդ՝ եթե նրա վերաբերյալ նյութեր կան, պետք է օպերատիվ արձագանք լինի դրանց հետքերով և երրորդ՝ պետությունները չպետք է փչացնեն միջպետական հարաբերությունները՝ մի քանի անձի ապաստան տալով և դրանով փաստորեն ստվերելով մյուս պետության ինքնավարությունը:
Գ. Գորգիսյանի դիտարկմամբ, իհարկե, խնդիրն ունի քաղաքական ենթատեքստ, բայց եթե ինչ-որ մեկը ժամանակին եղել է պետական պաշտոնյա, ապա նրա նկատմամբ քրեական հետապնդումը չի կարող դիտարկվել որպես քաղաքական հետապնդում: Գորգիսյանի խոսքով՝ խայտառակություն է, եթե պաշտպանության նախարարը եղել է այլ երկրի քաղաքացի. «Չէ՞ որ այդ մարդը շատ լուրջ պետական գաղտնիք հանդիսացող ինֆորմացիայի է տիրապետել: Պետական բարձրաստիճան պաշտոնյան չպետք է ծառայի մի քանի երկրի»:
Ինչու են կասկածյալները հենց Ռուսաստանում ապաստանում. Անուշ Բեղլոյանի դիտարկմամբ՝ դա պայմանավորված չէ հայ-ռուսական հարաբերություններով, այլ նրանով, որ Ռուսաստանի օրենսդրությամբ արգելվում է ՌԴ քաղաքացուն արտահանձնել այլ երկրի՝ որևէ քրեական հետապնդման դեպքում:
Գորգիսյանը, կարևորելով սոցիալական համերշխությունը, նշեց, որ համակարգային մոտեցում է պետք. «Օրինակ՝ Վրաստանը բոլոր օլիգարխներին հնարավորություն տվեց որոշակի գումար մուծել պետբյուջե…»: Գ. Պետրոսյանն արձագանքեց, որ վարչապետը հայտարարել է՝ մեր երկրում չկան օլիգարխներ, կան խոշոր սեփականատերեր:
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը դիմել է ԱԺ նախագահին և դատախազին ԲՀԿ խմբակցության ղեկավարին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցով՝ նշելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը: Գ. Գորգիսյանի խոսքով՝ դա փաստացի հաղորդում է հանցագործության մասին. «Գնդակը գտնվում է իրավապահների դաշտում»:
Գ. Պետրոսյանի դիտարկմամբ՝ այստեղ նկատելի է ուղղորդում, բայց հայտնի չէ, թե ով է ուղղորդում ՔՈ-ականներին: «Իրենք դիմել են, թող բարի լինեն կրել իրենց դիմումի հետևանքները՝ և՛ բարոյական, և՛ քաղաքական, և՛ իրավական: ՔՕ-ն սուտ մատնության հանցակազմ է պարունակում, իսկ իրենց տեղեկատվությունը, համոզված եմ, բացարձակապես հիմնազուրկ է»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































