Միջազգային վարկանշային Moody’s Investors Service գործակալությունը փոխել է Գերմանիայի պետպարտատոմսերի վարկանշային կանխատեսումը՝ «բացասականից» դարձնելով «կայուն», և հաստատել Aaa մակարդակի վրա:
Ինչպես հաղորդվում է գործակալության մամլո հաղորդագրությունում, նպաստավոր հանգամանքներից մեկը եվրոգոտու այլ երկրների, հատկապես Իտալիայի և Իսպանիայի համար Գերմանիայի պատասխանատվության ռիսկի նվազումն է: Բացի դրանից՝ երկիրն առաջընթացի է հասել ֆինանսական ամրապնդման գործում, ինչն արտացոլվում է 2012-ի և 2013-ի հավասարակշռված բյուջեներում, ինչպես նաև ՀՆԱ-ի հանդեպ պետպարտքի նվազման մեջ: Moody’s-ը նշում է նաև Գերմանիայի բանկային ոլորտի վիճակի բարելավումը: 2013-ի տվյալներով՝ պետպարտքը կազմում է ՀՆԱ 79 տոկոսը՝ 2012-ի 81 տոկոսի դիմաց: Այս մասին փոխանցում է Interfax-ը:
Moody’s-ը նաև փոխել է Ավստրիայի պետպարտատոմսերի վարկանշային կանխատեսումը՝ «բացասականից» դարձնելով «կայուն», և հաստատել Aaa մակարդակի վրա: Դրական գործոններ են համարվում ռիսկի նվազումը եվրոգոտում և առաջընթացը, որը ձեռք է բերվել երկրի կողմից բյուջեի կոնսոլիդացման գործում: Նույն կերպ բարելավվել է նաև Լյուքսեմբուրգի պետպարտավորությունների վարկանշային կանխատեսումը, որը նույնպես գտնվում է Aaa մակարդակի վրա:










































