ԲՀԿ-ն մասնակցեց շաբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքին, որ կազմակերպել էր ՀԱԿ-ը, ինչի մասին ուրբաթ օրն ասել էր կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` հայտարարելով, թե որտեղ ժողովուրդն է` այնտեղ էլ իրենք են: Հայաստանում չկա մի որևէ կուսակցություն, որը կհայտարարի ժողովրդի հետ գործ չունենալու, ժողովրդի համար չաշխատելու մասին, չկա մի քաղաքական գործիչ և առաջնորդ, որը չհայտարարի, որ եթե ժողովրդի դարդն ու ցավը չլիներ, ինքը չէր էլ ծնվելու, այլ պատճառ չէր էլ տեսնի:
Մարտի 1-ին որտեղ ժողովուրդը` այնտեղ էլ մենք կարգախոսով ԲՀԿ-ն գնաց Ազատության հրապարակ: Վեց տարի առաջ մարտի 1-ին ԲՀԿ-ն Ազատության հրապարակում չէր, այլ Ազգային ժողովում, թեև ժողովուրդը, որի կողքին է կուսակցությունը, Ազգային ժողովում չէր, այլ նախ Ազատության հրապարակում, իսկ հետո նաև Մյասնիկյանի արձանի հարևանությամբ: Իսկ Ազգային ժողովում քվեարկվում էին ժողովրդի հետ հաշվեհարդարի որոշումները, որ կայացվում էին նախագահական նստավայրում: Եվ Մարտի 1-ից վեց տարի հետո հետաքրքիր հարց է առաջանում՝ իսկ 2008 թվականին ԲՀԿ-ն չունե՞ր ժողովրդի հետ լինելու սկզբունքը, թե՞ չէր համարում, որ Ազատության հրապարակում, իսկ հետո Մյասնիկյանի հրապարակում ժողովուրդն է, որին կարող են սպանել, որին սպանելու որոշում կարող են կայացնել, որի դեմ բանակ են հանել. իսկ սեփական ժողովրդի դեմ սեփական բանակ հանելը հանցագործություն է:
Լավ է, որ այսօր ԲՀԿ-ն ժողովրդի կողքին է: Եվ եթե երեկ կողքին չէր, գուցե և ոչ թե քաղաքական շահերից ելնելով, քաղաքական կոնյունկտուրայից ելնելով, այլ պարզապես իրավիճակը սխալ գնահատելու արդյունքում է, որ ժողովրդի կողքին լինելու փոխարեն պառլամենտում ՀՀԿ-ի կողքին էին: Բայց քանի դեռ ԲՀԿ-ն չի ընդունել, որ 2008 թվականի մարտի 1-ին սխալ էր դիրքավորվել, սխալ տեղում էր և սխալ գործողություններ էր կատարում, և եթե ժողովրդի կողքին լիներ, ապա միգուցե իշխանությունը արդեն չհամարձակվեր կրակել ցուցարարների վրա, ինչպե՞ս կարելի է վստահել այսօր ժողովրդի կողքին կանգնելուն: Իսկ եթե երեկ սխալ չէր, այլ քաղաքական շահ և հաշվարկ, ապա ի՞նչ երաշխիքներ կան, որ վաղը նույն հաշվարկը չի լինի, և ԲՀԿ-ն չի վարվի նույն կերպ:
Ինչ խոսք, ի տարբերություն ՕԵԿ-ի, ԲՀԿ-ն այդ առումով շատ ավելի ազնիվ էր այն ժամանակ: ԲՀԿ-ն ընդդիմություն չէր խաղում նախագահական ողջ ընտրարշավի ընթացքում, որպեսզի հետո վերջին պահին կոալիցիա կազմի Սերժ Սարգսյանի հետ, և որից մի քանի ժամ անց ցրեն Ազատության հրապարակի ժողովրդին: ԲՀԿ-ն նախագահական ողջ ընտրությունների ընթացքում էլ ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի հետ կոալիցիայի մեջ էր և մնաց մինչև 2012 թվականի ընտրությունները: Սակայն, երբ չկան այդ շրջանի կեցվածքի և դիրքավորման վերաբերյալ հստակ գնահատականներ ու գործողություններ, չկա սեփական սխալների ընդունում,- իսկ ինչպե՛ս կարող էր սխալ չլինել Մարտի 1-ին ոչ թե հրապարակի ժողովրդի, այլ ՀՀԿ-ի կողքին լինելը և այդքանից հետո գոնե ՀՀԿ-ի ձեռքը բռնելու փորձեր չանելը,- ապա մեծանում է հավանականությունը, որ ի տարբերություն «ազնիվ» ու նվիրված իշխանություն ՕԵԿ-ի էլ, այսօր ԲՀԿ-ն է ընդդիմություն խաղում:
Այս ամենի մեջ շատերը կարող են նկատել, այսպես ասած, անձնավորված մոտեցումներ: Բայց անձերը, անունները, անվանումները այստեղ երկրորդական են: Կարևորը այն տրամաբանությունն է, որով պետք է հասարակությունը մոտենա քաղաքական գործընթացներին, դրանց հանդեպ վերահսկելիությունը ապահովելու, քաղաքական ուժերին սեփական գործիք դարձնելու, ոչ թե նրանց ուժերի գործիք դառնալու համար: Եվ այս տեսանկյունից է, որ կարևոր են հարցերը, շարունակական հարցերը բոլոր քաղաքական ուժերին անխտիր, պարզապես այս դեպքում՝ օրվա և դրա շուրջ ձևավորված քաղաքական զարգացումների տրամաբանության շրջանակում հարցերն ուղղվում են ԲՀԿ-ին:
Հասարակության հարցադրումները և պահանջվող պատասխաններն են, որ քաղաքականությունը պահում են հանրային կառավարելիության տիրույթում` թույլ չտալով, որ հասարակությունը դառնա քաղաքականության զոհը: Ի վերջո, փոխզիջումները քաղաքականության կարևոր գործիքներից են, սակայն փոխզիջումների հանրային օգտակարության մասին կարելի է խոսել այն դեպքում, երբ դրանք տեղի են ունենում հստակ սկզբունքների շուրջ, ոչ թե սկզբունքները շրջանցելով: Որևէ քաղաքական ուժ ապահովագրված չէ սխալից, սակայն միևնույն ժամանակ սխալներից պետք է ապահովագրվի նաև հասարակությունը: Եվ հասարակությանը սխալներից ապահովագրելու լավագույն տարբերակներից մեկն էլ հանդիսանում է քաղաքական ուժերի առավելագույն հաշվետվողականությունը:
2008-ի մարտի 1-ից հետո բոլորն են ասում, որ ժողովրդի կողքին են, բայց ոչ մեկը՝ բացառությամբ, իհարկե, ՀԱԿ-ի և «Ժառանգության», մինչև այսօր հստակ չի կարողացել ասել, թե ինչու ժողովրդի կողքին չէին: Ընդ որում` հետաքրքրական է, որ Մարտի 1-ից առաջ էլ բոլորը ասում էին հասարակության, ժողովրդի կողքին լինելու մասին: 2007-ի նախագահական ընտրություններին բոլորը նույնն էին ասում: Այսինքն, ըստ էության, ստացվում է, որ մարտի 1-ից առաջ և հետո բոլորը ժողովրդի կողքին էին, իսկ ահա մարտի 1-ին ժողովրդի կողքին ոչ ոք չկար՝ արդեն վերը նշված բացառությամբ իհարկե:
Այսինքն` ստացվում է, որ եթե ժողովուրդը դիտորդի, ծափահարողի դերում է կամ ապատիայի մեջ, բոլորը նրա կողքին են, իսկ երբ նա վճռական է իր իրավունքի և ազատության համար սահմանադրորեն ընձեռված պայքարի հարցում, կողքին մնում են եզակիները:
Լուսանկարը՝ eMedia.am-ի









































