Առաջին անգամ պատմության մեջ Իրանի Իսլամական Հանրապետությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի միջերկրածովյան և մերձավորարևելյան հատուկ խմբի աշխատանքներին, որոնք երեկ մեկնարկել են իտալական Լա Մադդալենա քաղաքում: Այս մասին հաղորդում է The Tehran Times-ը:
Իրանն այս հանդիպմանը ներկայացնում է արտգործնախարարի տեղակալ Ալի Ահանին, որը պատրաստվում է ելույթով հանդես գալ այս հանձնաժողովի նիստի ժամանակ: Ալի Ահանին նաև բանակցություններ կվարի մի քանի երկրների ներկայացուցիչների հետ: Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում է 25 երկիր:
Քննարկվելու են տարածաշրջանային վերջին զարգացումները, արաբական երկրներում ընթացող ժողովրդավարական գործըթնացները, Իրանի դերը տարածաշրջանում, ինչպես նաև միջերկրածովյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող օպերացիաները: ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի միջերկրածովյան և մերձավորարևելյան հարցերով հանձնաժողովը պարբերաբար անցկացնում է նման քննարկումներ՝ հրավիրելով տարածաշրջանային երկրներին՝ քննարկելու այստեղ իրականացվող քաղաքականության և անվտանգության խնդիրները, ինչպես նաև ամրապնդելու համագործակցությունը երկրների միջև: