Փետրվարի 28-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկայացվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ոստիկանության համագործակցության 2014 թվականի ծրագիրը: Անդրեյ Սորոկինը նշել է, որ չափազանց կարևորում են Հայաստանի ոստիկանության հետ համագործակցությունը և պատրաստ են գործընկերության առավել ամրապնդմանը:
Անդրադառնալով համակարգում ընթացող բարեփոխումներին՝ Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ անցումային շրջանն արդեն անցյալ է, և, հավատարիմ որդեգրած գործելաոճին, ոստիկանությունը շարունակում է բարեփոխումների ծավալուն ծրագիրը: Ոստիկանության պետը կարևորել է հատկապես ոստիկանության ծառայողների բարոյահոգեբանական վերափոխումը, ոստիկանության աշխատանքի թափանցիկությունը, ինչը կոռուպցիոն ռիսկերը նվազագույնին հասցնելու գրավականներից է:
Անդրեյ Սորոկինն իր հերթին գոհունակություն է հայտնել ոստիկանության ձեռնարկած քայլերի առնչությամբ՝ վստահեցնելով համակարգի աջակցության պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:








































