Խոշոր սուպերմարկետներն ու մոլերը կառուցվում են նախկին առևտրային կենտրոնների, շուկաների տեղում, որտեղ ժամանակին փոքր բիզնեսով զբաղվողներն էին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ փոքր ձեռներեցների հայկական միության նախագահ Ստեփան Ասլանյանը:
«Դու մի տարածքում զբաղվում ես առևտրային գործունեությամբ, մարդկանց սովորեցնում ես այդ տեղին, և հանկարծ ստացվում է, որ ինչ-որ մեկը գալիս է քո տեղը, սարքում է ավելի մեծ ու լավ կենտրոններ ու քեզ այդտեղից դուրս հանում, և ապագադ էլ ցույց չեն տալիս: Ես կարծում եմ, որ ժամանակն է՝ ունենանք արհմիություններ, կոնկրետ այս ոլորտի համար, օր առաջ»,- ասաց Ս. Ասլանյանը՝ հավելելով, որ ներկայումս որոշ արհմիություններ կան, բայց դրանք չեն գործում ու պաշտպանում փոքր բիզնեսի շահերը:
«Շաբաթը մեկ տաքսու վարորդները միտինգ են անում, ասուլիս տալիս: Բայց նայեք՝ գծի տերերը նման բաներ անո՞ւմ են: Ո՛չ, որովհետև իրենց խնդիրը ուրիշ կերպ են լուծում, ասենք՝ քաղաքապետը կարող է խառնվել, նախագահը: Իսկ այս փոքրերը, խեղճերը, պաշտպան չունեն, դրա համար են շաբաթը մեկ ասուլիս տալիս, որ այս վիճակից մի ելք գտնեն»,- ասաց Ասլանյանը:
Նրա խոսքով՝ կան հստակ մեխանիզմներ, թե ինչ պետք է անի պետությունը՝ փոքր բիզնեսը պաշտպանելու կամ չոչնչացնելու համար: Սակայն այդ մեխանիզմները Հայաստանում չեն կիրառվում: Արդյունքում ստացվում է, որ Հայաստանում «փոքր բիզնեսն անցնում է «կարմիր գիրք»»:












































