Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում գործող միջազգային ուժերը և հումանիտար աշխատակիցները պատրաստվում են 3000 մուսուլմանների տարհանել երկրի մայրաքաղաք Բանգիից, քանի որ նրանց սպառնում է զանգվածային հաշվեհարդար քրիստոնեական խմբավորումների կողմից: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին:
Նեսիրկին նաև հաղորդել է, որ Բանգիում ավարտին են մոտենում ջրատար համակարգի վերանորոգման աշխատանքները: Քաղաքի 900 հազար բնակիչներ չունեն մշտական ջրի և հիգիենայի միջոցների հասանելիություն: Նա նշել է, որ վերանորոգման աշխատանքների ժամանակ ՄԱԿ-ը տեղի մաքրող գործարանին տրամադրել է անհրաժեշտ միջոցներ՝ երեք ամիս շարունակ 600 հազար մարդու ջուր մատակարարելու նպատակով:
Հիշեցնենք, որ ԿԱՀ-ում միջդավանական բախումները շարունակվում են 2013թ. մարտից, երբ իշխանությունը երկրում գրավեց «Սելեկա» մուսուլմանական կոալիցիան: