Մարտի 1-ի դեպքերի՝ մինչ այժմ չբացահայտված մնալու գործում մեղավորություն ունի հասարակությունը, որը հետամուտ չեղավ դրանց բացահայտմանը, իսկ իշխանություններն էլ կոծկեցին այդ դեպքերը: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փոխգնդապետ, մարտական խաչի ասպետ Խաչիկ Ավետիսյանը:
«Միայն ժողովուրդը կարող է վերցնել իշխանությունը: Դրանից հետո կլուծվեն ներքին և արտաքին խնդիրները: Մենք անելու ենք ամեն բան, որպեսզի փոփոխություններն անցնցում անցնեն: Մենք քաղաքացիական պատերազմ չենք ուզում, այլ ժողովրդի՝ պետական ահաբեկիչների դեմ դուրս գալը: Ոչ մի գերտերություն չի ուզում, որ հայ ժողովուրդն ապրի ազատ ու անկախ Հայաստանում, այլապես նույն այդ գերտերությունները կարձանագրեին, որ ընտրությունները մեր երկրում կեղծված են»,- ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոս՝ ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն իր հերթին անդրադառնալով Մարտի 1-ի հարցով զբաղվող խորհրդարանական հանձնաժողովի ձևավորման հարցին՝ նշեց. «Լենինն ասել է՝ եթե ուզում ես մի բան «ջրել», հանձնաժողով ստեղծիր: Համոզված եմ, որ մարտիմեկյան հարցերով զբաղվող հանձնաժողովը Մարտի 1-ի դեպքերը երբեք չի բացահայտի: ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ձեռամբ, այդ դեպքերի նախահայրն էր և անմիջական իրականացնողը»,- ասաց նա՝ հավելելով, որ վաղվանից գողերին քշելու գործողությունների սկիզբն է դրվելու:
«Վաղվանից սկսվելու է իշխանությունների վերջի սկիզբը: Ինչ ղալաթ արել են՝ արել են, թող մանդատները հանձնեն, գնան»,- ասաց նա:
Անդրադառնալով ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանի հայտարարությանը, թե Սուրեն Սարգսյան անունով դաշտային հրամանատարի չի ճանաչում, Սարգսյանն ասաց. «Արդարանալու բան չունեմ՝ որտեղ և երբ եմ կռվել: Ուղղակի նրա «մուտիլովկեն» անհաջող է: Ես երբեք էլ չեմ ասել, որ հրամանատար եմ: Ինչ վերաբերում է ինձ թափթփուկ անվանելուն, ապա կասկածում եմ, որ թափթփուկ բառը գրելիս այդ մարդը կամ իրեն է հայելու մեջ նայել, կամ Սերժ Սարգսյանին: Անամոթությունը Սերժ Սարգսյանին և նրա շրջապատին հատուկ բան է: Վարդան Ավետիսյանը նրա մորաքրոջ որդին է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը երեկ «Հրապարակ» թերթին ասել էր. «Ես անցել եմ ողջ պատերազմը, ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի, իսկ այնուհետև՝ ՊԲ հրամանատարների առաջին սերնդից եմ։ Ապա մնացել եմ բանակում, տարիներ շարունակ ղեկավարել ՊԲ ամենախոշոր զորամասերը… ո՛չ Վանաձորի, ո՛չ էլ որևէ քաղաքի ու շրջանի կամավորական ջոկատներում նման մարտիկի, առավել ևս՝ «դաշտային հրամանատարի» չեն ճանաչում։ Եվ ընդհանրապես՝ ոչ ոք էլ չի ճանաչում, անգամ ՀՀ զինկոմիսարիատը… սրան «Խորհրդում» ընդգրկեցին որպես հանրահավաքներ վարող, ինքն էլ իրեն հրամանատար հռչակեց։
Սա է Սուրեն Սարգսյանը, ով անբարեխիղճ ու անպատասխանատու լրագրողների օգնությամբ դարձավ ոչ ավել, ոչ պակաս՝ «դաշտային հրամանատար»: Այսօր էլ մարտի 1-ին ժողովրդին հրապարակ է հրավիրում, իսկ իշխանություններին էլ սպառնում տասնապատիկ ուժգնության հակահարվածով»:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի







































