Չնայած Սահմանադրական դատարանը կասեցրել է կուտակային վճարները չկատարելու համար պատասխանատվությանը վերաբերող հոդվածը, այնուամենայնիվ, մի շարք գերատեսչություններ իսկական երկընտրանքի առջև են կանգնած՝ փոխանցե՞լ կուտակային կենսաթոշակային վճարումները, թե՞ ոչ:
Որոշ գերատեսչություններ անսալով ֆինանսների նախարարի հորդորին, թե կուտակայինները չփոխանցելու դեպքում գործատուները կարող են ենթարկվել կրկնակի պատասխանատվության, հապշտապ կատարել են բոլոր փոխանցումները: Իսկ այն գերատեսչությունները, որոնք հետեւելով ՍԴ որոշմանը, սպասում են մարտի 28-ին, նրանց նկատմամբ, պարզվում է, պատժամիջոցներ են կիրառվում:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ այդպիսի պատժամիջոցներ են կիրառվել ՀՀ դատական դեպարտամենտի նկատմամբ: Մասնավորապես կուտակային վճարները չկատարելու պատճառով դատական դեպարտամենտի, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի բոլոր հաշիվները սառեցրել են: Ըստ տեղեկությունների՝ հաշիվները կսկսեն նորմալ գործել միայն այն դեպքում, երբ միանգամից փոխանցվեն երկու ամսվա վճարումները:
Նշենք, որ ըստ ֆիննախի, հունվար ամսվա վճարման վերջնաժամկետն է փետրվարի 19-ը: Այսինքն՝ փետրվարի 19-ից հետո, երբ պարզ է դարձել, թե ովքեր չեն կատարել իրենց պահանջը, սկսել են պատժել չփոխանցողներին:









































