Կառավարական կապի բրիտանական կենտրոնը (GCHQ) իրականացրել է զանգվածային ծրագիր՝ լրտեսելու համար Yahoo! ծառայության մասնավոր տեսաչաթերը: Այս մասին գրում է Guardian թերթը՝ հղում անելով ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերին:
Optic Nerve ծածկագրային անվանումը կրող ծրագիրը մեկնարկել է 2008-ից՝ մարդկային դեմքերը մեխանիկորեն ճանաչելու ունակությունը փորձելու համար: Համակարգը յուրաքանչյուր 5 րոպեն պահպանել է տեսաչաթից ընտրված հատվածը՝ այն պահպանելով գերատեսչության տվյալների բազայում: 2008-ին միայն 6 ամսվա ընթացքում հավաքվել է 1.8 մլն տեսաժապավեն՝ օգտատերերի պատկերներով: Հայտնի է, որ 2012-ին ծրագիրը դեռևս շարունակում էր գործել:
Ծրագրի իրականացման ժամանակ, սակայն, GCHQ-ն բախվել է մի անսպասելի խնդրի: «Ցավոք սրտի, պարզվել է, որ մարդկանց մեծ մասն օգտագործում է վեբ տեսախցիկները՝ զրուցակցին իր մարմնի ինտիմ հատվածները ցույց տալու համար»,- նշվում է գերատեսչության փաստաթղթերում:








































